Կան կասկածներ, որ Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել են հայտնի շրջանակներից. Արտաշես Խալաթյան

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի պատգամավորի թեկնածու Արտաշես Խալաթյանը «Մեդիալաբին» ասում է՝ կան կասկածներ, որ դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել են հայտնի շրջանակներից։

«Քանի որ պարոն Բաբաջանյանը հայտնի է կոնկրետ հայտնի շրջանակների դեմ ուղղված իր պայքարով, իր խիզախ հայտարարություններով, ակնհայտ է, որ նա ընտրվել է որպես թիրախ ոչ պատահականորեն։

Բնականաբար, հարգելով ցանկացածի անմեղության կանխավարկածը, միևնույն ժամանակ, ես իրավունք ունեմ ենթադրություն անել, հիմնված կոնկրետ հանգամանքների վրա, և ըստ այդմ` հայտնի շրջանակներ ասելով` նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին ու իր քաղաքական թիմին, նրանց մասնակցությունը այս դեպքին չի բացառվում»,-ասում է Խալաթյանը։

Հավելյալ տեղեկությունների մասին Խալաթյանը տեղյակ չէր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արման Բաբաջանյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկարներ՝ տեղեկացնելով, որ կրակել են իր ավտոմեքենայի ապակուն։

Ինքը՝ Բաբաջանյանը, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am