«Փաշինյանն ընտրել էր հաղորդակցության հանգիստ ու կուլտուրական ձևը՝ ցույց տալու, որ ինքը հանգիստ է, վճռական, գիտի՝ ինչ է անում». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, Նիկոլ Փաշինյանի տևական դադարից հետո ոչ օնլայն ասուլիսով հանդես եկավ, ինչպե՞ս եք գնահատում ասուլիսի կազմակերպչական աշխատանքներն ու բուն ասուլիսը:

– Եթե դա մեկանգամյա նախաձեռնություն չլինի, միգուցե լավ ձև է, եթե մեկանգամյա էր, ապա այն ակնհայտ լուրջ պատրաստվածությունը, որը կառավարությունում նախատեսել էին մամուլի ասուլիսի համար, ավելորդություն էր: Մենք տեսանք նույն պատկերը, երբ վարչապետը աստիճաններով իջնում է, ինչպես ամանորյա ուղերձի ժամանակ, սա ավելորդություն էր, բայց եթե այդ նույն սցենարով ավելի հաճախ լինեն մամուլի ասուլիսները, երևի ընդունելի կլինի:

Լսել եմ բազմաթիվ քննադատություններ առ այն, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն էին հրավիրված, բայց դա հասկանալի եմ համարում, որովհետև ընդունված է, որ առաջին դեմքի կողմից մամուլի ասուլիսը պայմանավորված է հենց առաջին դեմքի ցանկությամբ ինչ-որ տեղեկություններ հաղորդել հասարակությանը: Քանի որ դա հենց իր նախաձեռնությունն է, կարող է նաև ընտրություն կատարել, թե որ լրատվամիջոցներին է հրավիրում, մանավանդ որ ես ակնհայտ քաղաքական միտումներ չտեսա, այսինքն՝ հրավիրված էին նաև քննադատաբար տրամադրված լրատվամիջոցները, պարզապես, իմ պատկերացմամբ, ընտրությունը կատարվել էր նրանց միջև, ովքեր ունեն առավել մեծ լսարան, այն լսարանները, որոնք տվյալ պարագայում վարչապետի համար կարևոր էին:

Այն գործընկերներին, որոնք հրավիրված չէին, ես խորհուրդ կտայի շատ չտխրել, որովհետև դժվար թե նրանք ինչ-որ բան կորցրին ներկաների հետ համեմատած: Վարչապետն ասում էր այն, ինչ իրեն էր պետք, ոչ թե այն, ինչ կարող էր հետաքրքրել մեր լրատվամիջոցներին:

Ինձ համար առավել կարևոր են լինելու մեկնաբանությունները վարչապետի ասածների վերաբերյալ, որովհետև շատ քիչ նոր բան կար նրա ասելիքում, ակնհայտորեն պակասում էր անկեղծությունը:

– Տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանի ասելիքը նոր չէր, հնչել է նաև այլ մարդկանց մեկնաբանություններում, եթե չկար նոր ասելիք, ասուլիս հրավիրելու նպատակը ո՞րն էր:

– Երբ մամուլի ասուլիս ես հրավիրում, ավելի մեծ ուշադրություն ես հրավիրում, դա իրադարձություն է, այսինքն՝ մամուլի ասուլիս հրավիրելու փաստն ինքնին հուշում է բոլորին, որ կան հատուկ ուղերձներ, ու եթե նույնիսկ ամբողջությամբ բովանդակությունը շատ քիչ բան էր պարունակում իր մեջ, այնուամենայնիվ, մի երկու ուղերձ կար, որոնք կարևոր էին վարչապետի համար, որպեսզի այն տարածվի և՛ հայկական, և՛ օտարերկրյա մամուլով:

– Ո՞րոնք էին այդ ուղերձները:

– Միանշանակ դա ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման թեման էր, ու մենք այսօր տեսնում ենք, որ միջազգային լրատվամիջոցներում հենց այդ թեմայի վրա է ուշադրությունը սևեռված, այդ առումով, փաստորեն, հաշվարկն արդարացավ:

Երկրորդ ուղերձը գուցե այն էր՝ ոչ այնքան բովանդակային, որքան ձևական, որը ևս ստացավ բավականին լայն մեկնաբանություն, որ վարչապետը գերադասեց հաղորդակցության հանգիստ և կուլտուրական ձևը, ինչպես նշեցին որոշ մեկնաբաններ, որն այնքան էլ բնորոշ չէ նրան: Դրանով ուզում էր հուշել, որ ինքը հանգիստ է, վճռական, գիտի՝ ի՛նչ է անում, անկախ նրանից, դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ նորմա՞լ է, որ անընդհատ ընդգծվում էր ընդդիմադիր ու լոյալ լրատվամիջոցների ներկայացուցիչներ խոսույթը:

– Օբյեկտիվորեն դա այդպես է. մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում գնալով շատանում են լոյալ լրատվամիջոցները, և ավելի քիչ ազդեցություն են ստանում բարդ պայմաններում հայտնված, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող լրատվամիջոցները: Այդ բաժանումը Հայաստանի լրատվամիջոցների ու քաղաքական պատմությունում արդեն ավանդույթ է դարձել:

– Լրագրողների հնչեցրած հարցերի վերաբերյալ ձեր մասնագիտական մեկնաբանությունն եմ խնդրում, որովհետև ոչ մասնագիտական քննադատությունները շարունակում են հնչել:

– Դա միայն այդ մամուլի ասուլիսին չէր բնորոշ, ընդհանրապես պաշտոնյաներին, փորձագետներին ուղղված հարցերը շատ են կրկնվում ու ըստ էության նույնն են, այսինքն՝ շատ քիչ են լինում հարցազրուցավարներ, լրագրողներ, որոնք անդրադառնում են այնպիսի թեմաների, որոնք ստանդարտ չեն: Չեմ բացառում, որ դա նաև պայմանավորված է լսարանի պահանջարկով, այսինքն՝ մարդիկ պատրաստ չեն ընկալելու նոր գաղափարներ, մտքեր ու թեմաներ:

– Այդ ասուլիսը կարո՞ղ ենք որակել ժողովրդավար երկրին հարիր մամուլի ասուլիս:

– Ձևով՝ այո՛, միգուցե, միայն այն բացառությամբ, որ այդ աստիճանով իջնելն անձին մեծ կշիռ տալու նպատակ ուներ, քան իրականում Հայաստանի պայմաններում գտնված երկրի վարչապետին հասնում է ընդհանրապես: Բովանդակությամբ՝ ո՛չ, որովհետև արդեն ասացի, որ բավական սահմանափակ էր կարևոր թեմաների ցանկը, որոնք քննարկվեցին, մամուլի ասուլիսը պետք է ավելի ազատ բովանդակություն ունենար:

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իր անձին փորձում մեծ կշիռ հաղորդել:

– Երևի իր ներսում ու հասարակության մեջ փորձում է անփոխարինելիության ու մեծության իմիջ ձևավորել: Դա նկատելի է բոլոր այն արարողակարգերին, որոնց ականատեսն ենք վերջին ժամանակներում: Երբ վարչապետը Նոր տարուց առաջ այցելել էր Եռաբլուր, մեկ շարքում կանգնած էին նախագահը, այլ պաշտոնյաներ ու սպասում էին, թե երբ է մոտենալու վարչապետն ու բոլորի ձեռքը սեղմելու: Դա ուղղակի հակասում է սահմանադրական մեր բոլոր սկզբունքներին, որովհետև եթե ինչ-որ մեկին պետք է հատուկ ողջունել, դա նախագահն է՝ անկախ Սահմանադրությամբ նրան տրված լիազորություններից:

Եթե Սահմանադրության սկզբունքը ու ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնները խախտվում են, դա նշանակում է, որ պետության մեջ ինստիտուտները չեն կայանում: Ու երբ այդ պայմաններում վարչապետը խոսում է ինստիտուտների կարևորության մասին, դա չի կարող ընկալվել անկեղծ խոսք կամ մտադրություն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am