Առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ. Փաշինյան

Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ պետք է զբաղվենք մեր ազգային ու հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ: Այդ մասին գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կուսակիցների առաջ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կքննարկեն և կհասկանան հանրային ներուժի կոնսոլիդացման հնարավորությունները:

Նա ասել է, որ նաև քայլեր կձեռնարկեն երկրում գործարար, գիտական, առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու և երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը ներգրավելու հարցում:

«Շատ կարևոր արձանագրում է սա: Ժողովուրդը տվել է մանդատ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առաջնորդել երկիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները», -ընդգծել է նա: