Հայաստանում խաղալիքների 20%-ը վարակված են տոքսիկ տարրերով. «Ամենածանրը` ամենափոքրերի համար»

Հայաստանում խաղալիքների 20%-ը վարակված են տոքսիկ տարրերով. «Ամենածանրը` ամենափոքրերի համար»
Հայաստանում խաղալիքների 20%-ը վարակված են տոքսիկ տարրերով. «Ամենածանրը` ամենափոքրերի համար»

Հայաստանում վաճառվող խաղալիքներում առկա խիստ վտանգավոր նյութերի մասին է ահազանգել «Էկոլուրն» իր հրապարակման մեջ` խոսելով տոքսիկ տարրերի առկայության, երեխաների առողջությանը հարվածող խիստ թունավոր միացությունների գոյության մասին:
Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար, ահա թե ինչեր կարելի է գտնել Հայաստանում վաճառվող երեխաների խաղալիքներում: Դեկտեմբերի 17-18-ին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կազմակերպած «Խաղալիքներն առանց թույնի» գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից հրավիրված մասնագետները ստուգել են խաղալիքները եւ այլ առարկաներ` 6 տոքսիկ տարրերի պարունակությունը հայտնաբերելու համար: 3-8 տարեկան աղջիկների շրջանում հաջողությամբ օգտագործվող մանկական շրթներկի մեջ սնդիկի պարունակությունը նորման գերազանցել է 250 անգամ:
Թուրքական արտադրության մրգերի վազայի մեջ հայտնաբերել են մկնդեղ, սնդիկ, քրոմ եւ կապար, թեպետ վազայի վրա գրված է, որ որեւէ վնասակար միացություն չկա: Գիտաժողովի մասնակիցներից մեկը ստուգեց իր ոսկյա ականջօղերը: Պարզվեց, որ նրանցում մեծ է սնդիկի պարունակությունը:
Իսկ մյուս մասնակցի արծաթե ականջողերում հայտնաբերեցին կապար:

Բայց ամենածանր տպավորությունը թողեցին ամենափոքրերի համար նախատեսված խաղալիքները` չխչխկանները, ատամների համար նախատեսված օղակները, որոնք միշտ երեխաների բերաններում են:

Այդ խաղալիքներում նույնպես առկա է մեծ քանակությամբ կապար: Մեքենաներ, ատրճանակներ, վաննաներ, տիկնիկներ, պայուսակներ եւ սպասքի հավաքածուներ` ոչ մի երաշխիք չկա, որ դուք ձեռք կբերեք ձեր երեխաների համար անվտանգ խաղալիքներ:

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն` Հայաստան ամենից շատ խաղալիքներ ներկրվում են Չինաստանից, տարեկան` 1638 տոննա:

Փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նշեց.

«49 երկրների հետ մենք ունենք խաղալիքների ապրանքաշրջանառություն, տարեկան` ընդամենը 2319 տոննա: Բայց Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խաղալիքների 20%-ը պարունակում է տոքսիկ տարրեր»:

Փորձագետ Լիլիկ Սիմոնյանի խոսքերով` միայն ֆիրմային խանութներում են եղել հավաստագրերով խաղալիքներ: Սուպերմարկետների եւ կրպակային տոնավաճառների խաղալիքները հավաստագրված չեն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի խաղալիքների հավաստագրման առկա չափանիշները վերանայվեն»,- ասաց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Նաիրա Վարդանյանը նշեց, որ դեկտեմբերի 17-ին նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` խաղալիքների համար նախկին տեխնիկական ռեգլամենտի փոփոխության վերաբերյալ: «Կառավարության նոր որոշումը պետք մոտեցվի եվրոպական չափանիշներին եւ կարգավորի այդ գործընթացը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Նաիրա Գրիգորյանը:

Գիտաժողովն անցնում էր «Տոքսիկ մետաղներ երեխաների համար ապրանքներում» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են 6 երկրներ` Քիմիական անվտանգության հարցերով միջազգային IPEN ցանցի աջակցությամբ եւ «Գրիդ Արենդալ» կազմակերպության համաֆինանսավորմամբ»:

© Medialab.am