«Կենտրոնում կանգնած եմ»․ Մասիսի քաղաքապետը՝ կաշառք բաժանելու և փախուստի դիմելու լուրերի մասին․ Factor.am

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը փախուստի է դիմել, քանի որ ԱԱԾ աշխատակիցները Մասիսի Նորամարգ համայնքում ընտրակաշառքի բաժանման դեպք են բացահայտել, իսկ կաշառք բաժանողն էլ եղել է Մասիսի քաղաքապետի մտերիմներից մեկի ընկերը, գրում է Factor.am-ը։

Ըստ այդ տեղեկությունների՝ նա ձերբակալվելուց հետո Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ ինքը կատարել է հենց Համբարձումյանի հրահանգները։ Այս տեղեկության շուրջ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք Մասիսի քաղաքապետի հետ, որը նշեց, որ հրապարակումը իրականության հետ կապ չունի։

«Ես հիմա Երևանի Կենտրոնում եմ, ձեր նշած տեղեկությանը չեմ տիրապետում, ես էլ Երևանում եմ՝ փողոցում կանգնած»,- ասաց նա։ Մեր հարցին՝ այնուամենայնիվ, կաշառք բաժանե՞լ եք, Համբարձումյանը արձագանքեց․ «Լավ էլի, ո՞նց եք նման բան ինձ հարցնում, ես ո՞նց կարող էի նման բան անել»։