«ՀԱՊԿ-ում խորհրդակցություններ են՝ Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացի շուրջ»․ ԱԳՆ

«ՀԱՊԿ-ում խորհրդակցություններ են՝ Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացի շուրջ»․ ԱԳՆ
«ՀԱՊԿ-ում խորհրդակցություններ են՝ Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացի շուրջ»․ ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի փոխարինման շուրջ կազմակերպության տարբեր հարթակներում խորհրդակցություններ են ընթանում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

«Խորհրդակցություններն  ընթանում են ըստ գործող կանոնակարգերի կոնսենսուսային լուծումներ գտնելու, ինչպես նաև այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,- ասել է Նաղդալյանը:

Նշենք, որ Երեւանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը: 

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է տարբերակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ 2015թ. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության  6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի:

Ըստ այդ կարգի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և, համապատասխանաբար, Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,- ասել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հայտարարել էր, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի։

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք նրան, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս», – ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի խոսքով` Խաչատուրովի շուրջ իրավիճանը քննարկվել է նաև օգոստոսի 22-ին Սոչիում իր և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու  մեղադրանք է առաջադրել։ Նույն մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանքը, որը սակայն ավելի ուշ բեկանել էր Վերաքննիչ դատարանը՝ անձեռնմխելիության հիմքով։ Գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և վերադարձել Մոսկվա: Մարտի 1-ի գործի շրջանակում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանք է առաջադրվել նաեւ 2008թ. դեպքերի ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին:   Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: