Ջրամբարը թունավորել փորձող քաղաքացին հոգեկան առողջության խնդիրներ ունի․ ՀԺ

Երեկ «Աբովյան Վերին Պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը թունավորել փորձող 68-ամյա Միխաիլ Լեդյաևն ազգությամբ ռուս է, բայց Հայաստանի քաղաքացի: Ջրամբարի տարածքում նա հայտնվել է պատահաբար, գրում է Հայկական ժամանակը:

Լեդյաևը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ջրամբարի թունավորման մտադրություն չի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝  քաղաքացին դեպքի վայրում գտնվել է ոչ ադեկվատ վիճակում. «Նա ունի հոգեկան առողջության խնդիրներ, իր ներքին ձայնը իրեն հուշել է, որ ինքը պետք է ջուրը թունավորի, բայց ինքը պատահաբար է հայտնվել այնտեղ: Իր ձեռքին եղել է քանոնի պես սուր առարկա, որով երեք անգամ հարվածել է ոստիկանի գլխին»,- ասաց նա:

Այս դեպքով նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որ նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ.-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ վերջին մի քանի օրերի ընթացքում ջրից թունավորման դեպքերի հետ կապված ահազանգեր եղե՞լ են: Նախարարաության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման ահազանգեր նախարարությունը չի ստացել: