Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի, բայց և ես, և ՀՀԿ-ն լինելու ենք ակտիվ. Սերժ Սարգսյան

Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքականության մեջ: Այդ մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իր ծրագրերի մասին հարցին:

Նա նաև հավելել է. «Ես հասկանում եմ հարցի իմաստը և հստակ ասում եմ` ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015 թվականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խոսակցության, այլ հարցազրույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կա՝  որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի:

Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական բայց ոչ ավելին, իմ ասածը չի նշանակում, որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Բոլորովին հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու է՛լ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն,  մենք ակտիվորեն մասնակցելու ենք»: