«Սա կոմունիկացիաների ապաշրջափակման սկիզբն է, սկզբում փորձում են օդային ճանապարհով հաղորդակցվել». ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը

– Պարո՛ն Դավթյան, համացանցում տարածված լուրերի համաձայն՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Հայաստանում ոչ պատկան մարմիններից, բայց հնչող մեկնաբանությունները հակասական են. ոմանք ասում են, թե արտառոց ոչինչ չի եղել, Ադրբեջանը մշտապես օգտվել է այս օդային տարածքից, ոմանք էլ՝ թե Հայաստանը տվեց առաջին թուրքական միջանցքը: Ձեր մեկնաբանությունը խնդրեմ:

– Բավականին բարդ է հարցի վերաբերյալ հստակ բան ասել, որովհետև այդ տեղեկությունն առաջին հերթին տարածվեց ադրբեջանական սոցցանցերում, հետո մեզ մոտ տարածվեց, չնայած կա տեսաձայնագրություն, որն իրականում սքրին ձայնագրություն է, որտեղ երևում է, թե ինչպես է ինքնաթիռը Բաքվից գալիս դեպի Նախիջևան Հայաստանի օդային տարածքով:

Իրականում զարմանալ պետք չէ, որովհետև այն գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում ճանապարհների ապաշրջափակման նպատակով, դրա սկիզբն են, սկզբում փորձում են օդային ճանապարհով հաղորդակցվել ու նոր՝ ցամաքային ճանապարհով: Բնականաբար, սա իր բացասական հետևանքները կունենա, հաշվի առնելով Իրան-Ադրբեջան լարվածությունը, մասնավորապես այն, որ Իրանը ձգտում է միջանցքի բացումը կանխել ու թույլ չտալ ի վնաս իր պետական շահերի նման գործընթաց: Կոնկրետ Սյունիքը Իրանի համար գերկենսական նշանակություն ունի, և միջանցքի տրամադրումը կփակի բոլոր ճանապարհները Իրանի բեռնափոխադրումների մասով:

Ինքնաթիռի մասով, նորից եմ ասում, զարմանալ պետք չէ, որովհետև այս իշխանությունը նպատակ ունի առաջին հերթին ծառայել թուրքական շահին, ապա նոր միայն՝ հայկականին: Այս գործընթացներն ավելի կխորանան, եթե չլինեն կոնկրետ ու հստակ քայլեր Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից:

Այսինքն՝ դժվարանո՞ւմ եք ասել, թե մինչ այս նմանատիպ թռիչքներ եղե՞լ են, թե՞ ոչ:

– Քանի որ չունեմ ապացուցողական որևէ փաստարկ, չեմ կարող հստակ պատասխան տալ, բայց չեմ էլ զարմանա, եթե լինի, որովհետև այսքան ժամանակ ինչ կատարվել է ի վնաս Հայաստանի, դրա մասին իմացել ենք ամիսներ անց ու կանգնել փաստի առաջ: Ձեր հարցի հստակ պատասխանը կունենան պետական պատկան մարմինները, որոնք համառորեն լռում են, քանի որ այս իշխանությունը ոչ թե նպատակ ունի մեզ իրականում տանելու բարօրության ու խաղաղության, այլ՝ ամբողջապես մեզ կործանման:

Պարո՛ն Դավթյան, ադրբեջանական կողմում ինչպիսի՞ արձագանքներ, մեկնաբանություններ կան այս իրողության հետ կապված:

– Մասնավորապես նշում են, որ Իրանի գործողության ֆոնին, որ փակել է օդային ճանապարհը ադրբեջանական ռազմական նշանակություն ունեցող ինքնաթիռների համար, ասում են, որ Հայաստանը մեջքից հարվածում է Իրանին, որ Հայաստանն իրականում դավադիր նպատակներ ունի Իրանի դեմ, բնական է, սա քարոզչական նպատակով է արվում:

Նշում են նաև, որ սա կոմունիկացիաների ապաշրջափակման առաջին քայլն է, միջանցքի մասին են խոսում, բայց այդ մասով դժվար է ինչ-որ բան ասել, որովհետև դրա համար ճանապարհ պետք է կառուցվի, կամ եղածը վերակառուցվի, բայց հիմա նման գործողություններ, բացի այլընտրանքային ճանապարհից, չեմ տեսնում, լրատվական դաշտում այդ մասին անգամ հիշատակումներ չկան:

Փաստորեն, ադրբեջանական կողմը պահը բաց չի՞ թողնում և, օգտագործելով այս առիթը, փորձում է լարո՞ւմ մտցնել հայ-իրանական հարաբերություններում:

– Իհարկե, որովհետև լավ գիտեն, որ տարածաշրջանում մնացել ենք բոլորովին մենակ, իսկ միակ հարևան պետությունը հենց Իրանն է, որը հենց պատերազմի ժամանակ, այսպես ասած, արյունատար անոթ էր մեզ համար:

Փոխանակ մենք այս փուլում փորձենք Իրանի հետ համագործակցել, օդային ճանապարհ ենք բացում Ադրբեջանի համար, ակնհայտ է, որ լարվածությունը մեծանալու է, ու նման իրադարձությունները չեն կարող դրական ազդել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Իսկ այս փուլում հույսը դնել, որ Ադրբեջանը չի օգտվի իր պատմական հնարավորությունից ու ավելի չի մեծացնի ճնշումը Հայաստանի վրա, միամտություն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am