Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: 

Ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արցախ՝ երկրի ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծել է դրա կարևորությունը հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում: «Համոզված եմ՝ արցախահայությունն ունի Ձեր հայրապետական խոսքի ու ներկայության կարիքը:

Եվ այն հոգևոր աջակցությունը, որն այս օրերին, Ձեր այցով պայմանավորված, ստանալու է Արցախի ժողովուրդը, մեծապես օգնելու է հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը: 

Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն՝ հավատավոր ժողովրդի հետ աղոթքի կանգնելու և Ավետարանի խոսքով նրան աջակցելու:

«Վստահ եմ՝ Աստծո օգնությամբ և համազգային ջանքերով Արցախի մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ այս դժվարին իրավիճակից: Բազում մարտահրավերներ են ծառացած մեր առջև: Դրանց հաղթահարման համար Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Արցախի մեր զավակներին»,- ասել է Կաթողիկոսը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: Հանրապետության նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած հիմնախնդիրները, դրանց լուծման գործում միասնական ջանքերի կարևորությունը:

Այնուհետև նախագահ Հարությունյանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այցելել է Պաշտպանության բանակի N զորամաս, որտեղ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքներն է հղել սպայական կազմին և զինվորներին։

Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել ու կլինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել:

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է նաև Գանձասարի վանական համալիր և այնտեղից Հայրապետական մաղթանք հղել: