«Հանրությունը վստահ է, որ հանցագործության դեպք է տեղի ունեցել, մնում է քննչական մարմինները կարողանան գրագետ մեղադրանք առաջադրել». Տիգրան Հայրապետյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

– Պարո՛ն Հայրապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու հարցով քրեական գործ հարուցվեց, որով նաև որպես կասկածյալ է անցնում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, մեղադրանք առաջադրվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին։

– Ավելի ճշգրիտ կարծիք հայտնել կարողանալու համար պետք է առաջադրված մեղադրանքի մասին շատ տեղեկություն լինի, ոչ թե մամուլից լսենք։ Ամեն դեպքում այս առումով ցանկանում եմ մի քանի բան շեշտադրել: Ես որքան հասկացել եմ՝ Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրում են իշխանությունը յուրացնելու համար, քանի որ ՍԴ նախկին նախագահը հրաժարական է տվել, իսկ Հրայր Թովմասյանը, լինելով պատգամավոր՝ միաժամանակ ընտրվել է նաև ՍԴ անդամ, ինչի արդյունքում ընտրվելով ՍԴ նախագահ, պետք է պաշտոնավարի տասնյակ տարիներ՝ մինչև թոշակի անցնելը: Այսպիսով, Թովմասյանին ըստ էության մեղադրում են, որ նա ինչ-ինչ նախապես համաձայնեցված սխեմաների արդյունքում իր իսկ գրած Սահմանադրությամբ դարձել է ՍԴ նախագահ՝ ի հակառակ նույն Սահմանադրության, ըստ որի ՍԴ նախագահը փոխվում է ամեն վեց տարին մեկ: Ըստ էության, մեղադրանքը սրա մասին է, իսկ Հրայր Թովմասյանը և նրան աջակցողները համարում են, որ սա չի համապատասխանում իրականությանը:

Ընդ որում, հենց այս հարցն է, որ հուզում է հանրությանը: Հիմա եկեք մի քանի հարցի պատասխանեք: Ձեր կարծիքով, նախկին իշխանությունները կոռումպացվա՞ծ էին, թե՞ ոչ: Ձեր կարծիքով, այս գործընթացները նախապես ծրագրվա՞ծ են եղել, թե՞ ոչ: Դուք հավատո՞ւմ եք, որ իրադարձությունները հենց այսպես չեն զարգացել: Մի՞թե դուք հավատում եք, որ այս իրադարձությունները պատահական են դասավորվել, և պատահականություն է, որ Հրայր Թովմասյանը իր գրած Սահմանադրությամբ պետք է պաշտոնավարի մինչև թոշակի անցնելը: Վստահ եմ, որ հանրությունն այդպես չի մտածում և համոզված է, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը և Հրայր Թովմասյանի ընտրությունը նախապես պայմանավորված մութ սխեմաներ են եղել, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել իշխանության յուրացում: Հետևաբար հանրությունը վստահ է, որ հանցագործության դեպք է տեղի ունեցել, մնում է քննչական մարմինները կարողանան գրագետ մեղադրանք առաջադրել:

 Ասում են՝ ԱԺ-ն թղթերը կեղծել է, որպեսզի մի քանի օր շուտ ընտրեին նրան։

– Իմ կարծիքով, ընդհանրապես կապ չունի, թե Թովմասյանը պատգամավորի մանդատից ե՛րբ է հրաժարվել՝ մի քանի օր առա՞ջ, թե՞ հետո: Սա չի փոխում արարքի էությունը: Հրայր Թովմասյանին աջակցող թիմը փորձում է մանիպուլյացիաներ անել այս անկարևոր հանգամանքի շուրջ։ Ընդ որում, այդ խայծը կուլ են տալիս նաև դատախազությունն ու քննչական մարմինը։ Ամենակարևոր հարցը, իմ կարծիքով, հետևյալն է՝ արդյոք Գագիկ Հարությունյանի հրաժարական տալը, Հրայր Թովմասյանին միանգամից ՍԴ նախագահ ընտրելը այն բանի համա՞ր են եղել, որ Հրայր Թովմասյանը մինչև 65 կամ 70 տարի պաշտոնավարի։ Սա ամենակարևոր հարցն է։

Եվ ինձ թվում է՝ այս հանգամանքը հաստատելու համար է մեղադրանք առաջադրվել։ Այս հարցը հասարակությանը հետաքրքրող հարց է։ Հասարակությունն ինչի՞ համար է հետևում այս հարցին, որովհետև գիտի, որ դա այդպես է։ Կարող է Հրայր Թովմասյանին շատ լավ փաստաբաններ պաշտպանեն, բայց չեմ կարծում, թե նրանք հոգու խորքում հավատում են, որ Թովմասյանը նախապես չպայմանավորված սխեմաներով է դարձել ՍԴ նախագահ: Ակնհայտ փաստը հնարավոր չէ հերքել։ Եվ այն լավ փաստաբանները, ովքեր հանրությանը փորձում են իրավաբանորեն շեղել, համոզելով, որ Թովմասյանը այս հարցում անմեղ է, չի ստացվի, հանրությունը գիտի, որ դա այդպես չէ։ Իրականում գործընթացներ են կատարել, որ Գագիկ Հարությունյանին պետք է տեղափոխեն ԲԴԽ, իսկ Հրայր Թովմասյանին ընտրեն ՍԴ նախագահ: Սա գիտեն նաև Թովմասյանին պաշտպանողները: Գագիկ Հարությունյանն էլ ոչ թե զոհ է, ինչպես ներկայացնում են նրան, թե իբր նրան ստիպել են հրաժարական տալ։ Չեն ստիպել, ընդհակառակը, Գագիկ Հարությունյանին «յուղոտ» պաշտոնի են տարել՝ ԲԴԽ նախագահ։ Իսկ կոռումպացված ԲԴԽ-ն պետք է կառավարեր ամբողջ դատական համակարգը։

Հաջորդ բանը, որ ցանկանում եմ նշել, այն է, որ Հրայր Թովմասյանը միաժամանակ եղել է և՛ Սահմանադրական դատարանի անդամ, և՛ պատգամավոր, թեկուզև մեկ ժամ, բայց սա արդեն փաստում է, որ նա միանգամից զբաղեցրել է երկու անհամատեղելի պաշտոն: Այսինքն՝ լինելով ՍԴ անդամ՝ նա եղել է քաղաքական գործիչ, ՀՀԿ-ի անդամ՝ պատգամավոր։ Արդեն Սահմանադրության այս կետը խախտվեց։ Սրա մասին գրեթե չի խոսվում։

Մեր դատախազությունը շատ թույլ է։ Եվ ես այն տպավորությունն ունեմ, որ դատախազությունն էլ է գործում այնպես, ինչպես Հրայր Թովմասյանն ու նրան սատարող ուժերը։ Հակառակ դեպքում այսպես «միամիտ» չէին գնա այն դաշտ, որտեղ իրենք էին ուզում գնալ։ Հրայր Թովմասյանին սատարողները մեղադրանքի մեխը տանում են դեպի այն դաշտ, որ՝ երկու օր շուտ է գրվել դիմումը, իսկ դատախազությունն ու քննչական մարմինն էլ գնում ու ընկնում են այդ դաշտ։

Մինչդեռ իրականությունը հետևյալն է. եթե անձը միաժամանակ եղել է ՍԴ անդամ ու կուսակցական, վե՛րջ, սա արդեն անթույլատրելի է, հետևապես իշխանությունը յուրացվել է։

Մյուս հարցը, որն ուզում եմ բարձրացնել, հետևյալն է՝ մեր Սահմանադրությունն ընդունել է հասարակությունը։ Եթե իրավաբանորեն մենք նայում ենք, առաջին հարցը հետևյալն է. քաղաքացիները, որոնք Սահմանադրության փոփոխություններին կողմ են քվեարկել, նրանց մտքով անցե՞լ է, որ ՍԴ նախագահը կարող է մինչև 70 տարին պաշտոնավարել, թե՞ հանրությունը, կարդալով Սահմանադրությունը, հասկացել է, որ ամեն վեց տարին մեկ ՍԴ նախագահը պետք է փոխվի, և դրան է կողմ եղել։ Այսինքն՝ մարդիկ չէին կարող մտածել, որ Հրայր Թովմասյանը խախտելու է իր իսկ գրած Սահմանադրությունը և այն դարձնելու է պապական պաշտոն։ Սահմանադրությունը պետք է մեկնաբանվի հենց այն իմաստով, թե մարդիկ ի՞նչ են հասկացել, երբ այդ հոդվածը կարդացել են և ինչի համար են քվեարկել։ Վերջին հաշվով Սահմանադրության փոփոխությունները կատարելու առաջին փաստարկը այն էր, որ պետք է նորացնել ՍԴ-ն, և նախագահը չպետք է այդքան երկար պաշտոնավարի: Ի դեպ, սա քարոզում էր հենց Թովմասյանը: Սա ի՞նչ դեմագոգիա է: Մարդիկ հաստատ մի բան են հասկացել, որ ՍԴ նախագահը պետք է փոխվի վեց տարին մեկ, և եթե ինչ-որ գործողություններ են կատարվել այս կետը շրջանցելու համար, անգամ առաջին հայացքից օրինական գործողություններ, այստեղ իշխանության յուրացումը, իմ կարծիքով, առկա է։

Այս հարցն ամբողջական լինելու համար ուզում եմ նաև շեշտել այն հարցը, որ վերջին 15 տարվա ընթացքում Հրայր Թովմասյանը եղել է մինչև ուղնուծուծը ներծծված ՀՀԿ-ական պատգամավոր և միաժամանակ միանգամից նշանակվել է ՍԴ նախագահ։ Այս մարդիկ ուզում են հանրությանը հիմարացնել, ասել, որ 15 տարի ակնհայտ ու ընդգծված հանրապետականը մեկ օրում փոխվեց ու դարձավ ոչ կուսակցական։ Սա հանրությանը հիմարի տեղ դնելու գործընթաց է։ Սահմանադրության մեջ գրված է, որ չի կարող քաղաքական գործիչ լինել ՍԴ-ում։ Հրայր Թովմասյանը, որը գնացել է այնտեղ, այսօր էլ ՀՀԿ-ական է, չպետք է ժողովրդին հիմարի տեղ դնել ու ասել՝ քանի որ ինքը հրաժարվել է կուսակցությունից, այլևս կուսակցական չէ։ Սա իրավաբանություն չէ, հասարակությանը մոլորեցնել է։ Իմ նշած վերոնշյալ երեք խնդիրների մասով այսօր փորձում են շատ ցածր մակարդակի իրավական փաստարկներ բերելով՝ հանրությանը շեղել կարևոր փաստերից։

Ի վերջո, չի կարելի Սահմանադրության հեղինակին դնել նաև այդ Սահմանադրության կիրառող և մեկնաբանող: Օրենսդիր և դատական իշխանությունները չի կարելի մեկտեղել: Սա ևս իշխանության յուրացում է: Ընդ որում, այս մեկտեղումը կատարվում է կուսակցական աշխատողի կողմից: Սա իշխանության այլասերում է:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հրայր Թովմասյանի ընտանիքի վերաբերյալ իրավապահների գործողությունները։ Նրա դուստրերին ու հորը հրավիրեցին ԱԱԾ, արդյոք ճնշումնե՞ր չեն սրանք:

– Իհարկե, եթե քննչական մարմինն այնպիսի գործողություն է կատարում, որը գործի համար էական չէ, և որի կարիքը չկա, սա ցույց է տալիս, որ այդ մարմինը թույլ է և անհարկի գործողություններ է կատարում։ Ընդ որում, սա կարող է պատվեր լինել այն մյուս կողմից։ Իսկ ինչո՞ւ է դատախազությունն այս ամենը թույլ տալիս։ Այս ամենը հստակ ղեկավարվում ու ինչ-որ ուղղությամբ գնում է։ Մեղադրանքները թույլ են ներկայացվում, սա կա՛մ պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանք է, կա՛մ երկակի խաղ են խաղում։ Հիմա մենք այնպիսի վիճակում ենք, որ փահլևանները շատացել են, երկու լարի վրա են խաղում։ Դա կա և՛ քննչական մարմիններում, և՛ դատախազությունում, պարզ չէ, թե ով ում խաղն է խաղում։ Այստեղ իրավաբանությունը տուժում է։ Բոլորի համար ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է իշխանությունը։ Եթե դատախազությունն ու քննչական մարմինները չեն կարողանում հիմնավոր մեղադրանք առաջադրել, պետք է թողնեն, որ ուրիշները գան իրենց փոխարեն։ Ես կասկածում եմ, որ դա ուղղորդված է: Հստակ ընդգծված մեղադրանքը չեն ներկայացնում, գնում են այնպիսի դաշտ, որտեղ չպետք է գնալ։ Իմ կարծիքով՝ դատախազությունում և քննչական մարմիններում պետք է լուրջ բարեփոխումներ կատարվեն, հատկապես վերնախավում: Եթե աղջիկներին հարցաքննելը իրականում կապ չունի Հրայր Թովմասյանի մեղադրանքի հետ, ինչի՞ համար են նրանց կանչում հարցաքննության։ Եթե քննչական մարմինն ու դատախազությունն իրենց դիրքում են, ապա ո՞ւմ են պետք անիմաստ հարցաքննությունները։

– Բայց մենք գիտենք, որ ԱԱԾ-ն հենց վարչապետի ենթակայությամբ գործող մարմին է։

– Բայց պարզվեց, որ մեկ տարուց ավելի այդ կառույցը ամենաշատը վնասեց վարչապետին: ԱԱԾ տնօրենի, վարչապետի և մեկ այլ կարևոր կառույցի ղեկավարի խոսակցությունը առաջինն էր, որ հրամցվեց հանրությանը և խփեց Հայաստանի վարկանիշին: Թվում է, թե այդ կառույցը ղեկավարվում է վարչապետի կողմից, բայց, իմ կարծիքով, դա այդպես չէ։ Վարչապետը մեկ մարդու անգամ չի փոխել այդ կառույցում։ Իսկ այդ կառույցը առնվազն վերջին 10 տարիներին ծառայել է այլ նպատակի։ Այդ կառույցում, ըստ էության, որևէ բան չի փոխվել, մարդիկ նույնն են, նրանց գործելաոճը նույնն է: Նախկինում գրեթե բոլոր հանցագործությունները ԱԱԾ-ն էր բացահայտում իր կառույցում գործող օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող աշխատակիցների միջոցով: Հիմա հասել ենք այն հանգրվանին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները կեղծվում են հենց քննչական կոմիտեի քննիչների կողմից, սակայն նրանք չեն պատժվում: ԱԱԾ-ում ևս պետք է արմատական և հեղափոխական փոփոխություններ կատարվեն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am