Մայիսի 4-ից Ֆրանսիայում բոլոր ուսանողները՝ անկախ եկամուտներից, հնարավորություն կունենան համալսարանական ճաշարաններում սնվել ընդամենը 1 եվրոյով։ Մինչ այս միջոցը վերաբերում էր միայն նպաստ ստացող կամ սոցիալապես խոցելի ուսանողներին։ Ըստ Euronews-ի՝ ծրագիրը հանդիսանում է կառավարության սոցիալական աջակցության փաթեթի մաս՝ ուղղված ուսանողների գնողունակության բարձրացմանը։
Վերջին տարիներին Ֆրանսիայում աճել է ուսանողների ֆինանսական ճնշումը՝ պայմանավորված գնաճով, բնակարանների և սննդի թանկացմամբ, ինչի հետևանքով շատերը բախվում են սննդի հասանելիության խնդիրների։
Ծրագիրը գործելու է Crous ցանցի բոլոր համալսարանական ռեստորաններում և հնարավորության դեպքում նաև այլ սննդի կետերում։ Այն հասանելի է լինելու բոլոր ուսանողներին՝ ուսանողական քարտի առկայությամբ, իսկ վճարումները կիրականացվեն Izly համակարգով։
1 եվրոյով առաջարկվող ճաշը ներառում է հիմնական ուտեստ և մինչև երկու հավելում (օրինակ՝ նախուտեստ, աղանդեր կամ միրգ)։ Ցանկության դեպքում հնարավոր է վերցնել նաև հավելյալ սնունդ՝ լրացուցիչ վճարով։ Կառավարությունը 2026 թվականի բյուջեում ծրագրի իրականացման համար նախատեսել է մոտ 50 միլիոն եվրո։
Այս քայլը նպատակ ունի նաև նվազեցնել ուսանողական աղքատությունը և մեղմել գնաճի ազդեցությունը՝ ապահովելով, որ ուսանողները ունենան նվազագույն սոցիալական պաշտպանություն և հասանելի սնունդ։ Պաշտոնական տվյալներով՝ Crous համակարգում տարեկան մատուցվում է ավելի քան 44 միլիոն ճաշ, որոնց զգալի մասը օգտվում են սոցիալական աջակցություն ստացող ուսանողները։



















