«Շեֆ չէ՝ չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար»․ Աշոտյանի արձագանքը Արայիկ Հարությունյանի մեկնաբանությանը

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում թեև չի նշել ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանի անունը, այնուամենայնիվ, ակնհայտորեն արձագանքել է նախարարի այսօրվա մեկնաբանությանը՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

 

«Կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողել եմ 2016 թվականի փետրվարից և դրանից հետո երբեք հրապարակային հանդես չեմ եկել ինձ հաջորդած նախարարների աշխատանքի մասին, որպեսզի պահպանեմ կոլեգիալության սկզբունքը:

Երբեք և ոչ մի խնդիր չեմ կապել Սերգո Երիցյանի, կամ Աշոտ Բլեյանի, կամ Լևոն Մկրտչյանի հետ:

Այդ սկզբունքը բարեկրթության և պրոֆեսիոնալիզմի հետևանք է թե մարդկային հարաբերությունների մեջ, թե քաղաքական գործունեության մեջ:

Շեֆ չէ՝ չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել, վերցրել եմ պատասխանատվություն ամբողջ համակարգի համար:

Իմ ժամանակ մենալ Live չկար, թե չէ ֆեյսբուք, սելֆի, casual – դա մենք վաղուց ենք արել։ 

Գլուխ գովել չեմ սիրում, աշխատանքս էլ անթերի չի եղել, ինչպես բոլորինը նաև, իմ օրոք համակարգում իրականացվել են բազմաթիվ ծանր, ոչ պոպուլյար բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունը անգամ նոր կառավարությունն է ընդունել:

Ու կրկին շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ով աշխատել ու առ այսօր աշխատում է ոլորտում»,- գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարևորել էր օտարալեզու խորացված ուսուցմամբ դպրոցների բացումը՝նշելով, որ ժամանակին ինքն էլ նման դպրոց է ավարտել, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքել էր. «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»: Ավելին՝ նա տնօրենին ստիպել էր բոլորի ներկայությամբ նույն հարցն անգլերեն ասել՝ կասկածի տակ դնելով տնօրենի գիտելիքները։ Տնօրենը հարցը տվել էր անգլերեն: Արայիկ Հարությունյանն ավելի հեռուն էր գնացել․ իր ճշմարտացի լինելն ապացուցելու համար հայտարարել էր, թե տնօրենն իր հայերեն հարցի բառացի թարգմանությունը չի ասում։  Սոցցանցերում բարձրացած քննադատությունից հետո նախարարն արդարացել է, թե իր պահվածքում նվաստացուցիչ բան չկար, պարզապես ի տարբերություն իր նախորդների, ինքն ուսուցիչների հետ խոսել է ոչ թե որպես շեֆ, այլ մտերմիկ՝ որպես գործընկեր։