Բաքվում Արցախյան պատերազմի մասնակիցները բողոքի ակցիա են անցկացրել ՊՆ-ի շենքի մոտ․ Factor.am

Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք մի շարք պահանջներ են հնչեցրել, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ եկել են իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Մասնավորապես, ըստ ցուցարարների, իրենց «անհասկանալի պատճառներով մեդալներով չեն պարգևատրել»՝ չնայած մասնակցել են ռազմական գործողություններին։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասել է, որ չնայած մարտերում լուրջ վիրավորում է ստացել, հաշմանդամության կարգ չեն տվել։ Հավաքվածները նաև բողոքել են կոռուպցիոն դրսևորումներից՝ նշելով, որ ՊՆ-ից ու պետական այլ մարմիններից իրենց բողոքներին պատասխան չի հաջողվում ստանալ։

Նշենք, որ հունիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմի մի շարք մասնակիցների պարգևատրել էր տարբեր մեդալներով։ Դրանից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում բողոքներ սկսվեցին, որ պատերազմի իրական մասնակիցները դուրս են մնացել պարգևատրվողների ցանկից։

Ընդհանրապես, ռազմական գործողությունների ավարտից հետո պատերազմի մասնակիցները Բաքվում պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով սոցիալական օգնություն ցուցաբերել, բուժման ծախսերը հոգալ և այլն։