Արմեն Չարչյանը վիրահատվել է

 «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ենթարկվել է բժշկական միջամտության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա մանրամասնել է, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենտների վիճակի ուսումնասիրություն։

«Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի»,-ասել Վարդևանյանը:

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։