Հայաստանն ստանձնել է ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը

 Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հունիսի 30-ին կայացած առցանց հանդիպմանը Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը։ 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ նիստին մասնակցել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։

«Իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ միջոցառումներին, որոնց կիզակետում են տնտեսության առավել տուժած ոլորտներն ու առավել խոցելի սոցիալական խմբերը:

Կարևորվեց տնտեսական աճը խթանող տարածաշրջանային համակարգված գործողությունների, նորարարական և կայուն զարգացման, մրցակցության խթանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արման Խաչատրյանն անդրադարձել է նաև գլոբալ համավարակի պայմաններում նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին:

Մասնակիցներին ներկայացնելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտումները` նա ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ պահվածքը շարունակում է վտանգել տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը:

Շեշտվել է, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ի թիվս այլի գերության մեջ պահելով հայ զինծառայողներին ու պատանդառված քաղաքացիական անձանց:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ առցանց հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև միակողմանի հարկադրանքի միջոցների և շրջափակման անընդունելիությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը և առևտրի դյուրացմանը՝ որպես ՍԾՏՀ հիմնական նպատակների:

Նիստի արդյունքներով՝ ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվել է Վրաստանին։