Լիլիթ Մակունցը հանդիպել է նկարիչների հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է նկարիչների հետ
Լիլիթ Մակունցը հանդիպել է նկարիչների հետ

«Մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կերպարվեստի, օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա»,-մշակույթի նախարարի վերջնական եզրահանգումն էր նկարիչների հետ առաջին հանդիպումից հետո: Հանդիպմանն առանձնացրած մի քանի խնդիրների ուղղությամբ Լիլիթ Մակունցը խոստացավ կոնկրետ աշխատանք սկսել:

Իսկ մինչ այդ՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը ներկայացավ մի քանի առաջարկներով. այն է՝ նկարիչների միությանն անդամակցության տարիները համարել աշխատանքային ստաժ, ստեղծագործողին ազատել հարկային բեռից, վերանայել արվեստանոցների վարձավճարների հարկման քաղաքականությունը:

Նախարար Մակունցն առաջարկեց ներկայացնել ամբողջական փաթեթ՝ առաջարկներով ու դրանց վերաբերյալ համոզիչ հիմնավորումներով:

Նկարիչները դժգոհեցին հետխորհրդային Հայաստանում նկարիչների հանդեպ պետության անտարբեր վերաբերմունքից.

«Կերպարվեստի ոլորտում մեր պետական քաղաքականությունն ընդհանրապես հասկանալի չէ: Ժամանակակից հայ կերպարվեստը դրսում անհայտ է: Նախկինում արտերկրում գիտեին՝ սովետական կերպարվեստ, սովետական նկարիչ: Շատերն անգամ տեղյակ չէին, որ ոլորտի առաջատարները հայ նկարիչներն են: Մենք հպարտանում ենք Ազգային պատկերասրահում ու մյուս թանգարաններում նախկինում կուտակած մեր գանձերով, բայց ի՞նչ ենք ներկայացնելու հետո,՛ այսօր ստեղծվող արվեստի մասին: Ինչու՞ այսօր չլուծել այս հարցերը, չլրացնել բացը»,-ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

«Այսօր մենք չափազանց կարևորում ենք ոչ միայն անցյալը՝ մեր մշակութային ժառանգությունը, այլև ներկան ու վաղվա օրը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ժամանակակից արվեստին»,-հակադարձեց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը՝  նշելով, որ առայժմ կխուսափի «գաղտնազերծել» այս ուղղությամբ արդեն նախանշված ծրագրերը:
«Ծանր բեռի տակ եք մտել, ինչպե՞ս եք լուծելու այս խնդիրները»,-նկարիչներից մեկի դիտարկմանը Լիլիթ Մակունցն արձագանքեց.

«Ձե՛ր օգնությամբ: Ոլորտի վերաբերյալ լուծումները բխելու են միայն ոլորտի մասնագետների պատկերացումներից»:

Նկարիչների հետ հանդիպումների շարքը կշարունակվի:

ՀՀ մշակույթի նախարարություն