Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ուժգին պայթյուն, ապա խոշոր հրդեհ է տեղի ունեցել

Կասպից ծովի Ադրբեջանի հատվածում նախօրեին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշոր հրդեհը։ Դեպքը տեղի ունեցել երեկոյան ժամը 21։50 սահմաններում, գրում է Factor.am-ը։

Պայթյունի մասին լուրը՝ տեսանյութերով ու լուսանկարներով, նախ արագորեն հայտնվեց սոցիալական ցանցերում։ Հրդեհը տեսանելի է եղել բնակիչների համար՝ ինչպես Բաքվում, այնպես էլ մոտակա շրջաններում։ Նախ տեղեկություններ տարածվեցին, որ պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» նավթային հանքավայրում, սակայն այս լուրը հերքվեց։

SOCAR պետական նավթային ընկերությունից, որը շահագործում է «Ումիդ» հանքավայրը, նշել են, որ անմիջանականորեն SOCAR-ի վերահսկողության տակ գտնվող ծովային պլատֆորմներում ու արտադրական օբյեկտներում վթար տեղի չի ունեցել, աշխատանքները բնականոն ռեժիմով շարունակվում են։ Ընկերությունից հայտնել են, որ պայթյունի վերաբերյալ իրենց նախնական վարկածը հրաբխի ժայթքումն է։

SOCAR-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ»-ից 10-12 կմ հեռավորության վրա, իսկ ընկերության որևէ պլատֆորմում պայթյուն չի եղել։

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության մասնագետները ևս գտնում են, որ պայթյունի պատճառը հրաբխի ժայթքումն է։

«Ներկայում նախարարության ու Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի մասնագետներն ուսումնասիրում են ծովում տեղի ունեցած պայթյունը։ Մասնագետների նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը հրաբխի ժայթքումն է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախարարության հայտարարությունը։

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դրանում նշվում է, որ համապատասխան կառույցների մասնագետների հետ համատեղ անհապաղ հետաքննություն է իրականացվում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով նախարարությանը, հաղորդում են, որ նախնական հետաքննությամբ պարզվել է՝ ծովում գտնվող նավթի ու գազի, նաև այլ արտադրական ու տրանսպորտային ենթակառուցվածքներում արտակարգ պատահարներ չեն գրանցվել։

«Այսօր վաղ առավոտյան ԱԻՆ-ի ուղղաթիռները հետախուզական թռիչքներ են իրականացրել։ Արդյունքում հաստատվել է հրաբխի ժայթքումը կղզում՝ Սալյանի շրջանից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Ներկայում հրաբխի խառնարանում համեմատաբար քիչ այրում կա։ Հրաբուխը վտանգ չի ներկայացնում ծովային նավթագազային և այլ օբյեկտների, ինչպես նաև մարդկանց կյանքի համար»,- ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ։