Ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը. մանրամասնել է Սերգեյ Կոպիրկինը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հուլիսի 7-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման օրակարգին:

«Առաջնորդները կքննարկեն այն, ինչ անհրաժեշտ կհամարեն: Բնականաբար, կքննարկվեն անվտանգության ոլորտին վերաբերող հարցերը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, կարծիքներ կփոխանակվեն մեր քաղաքական երկխոսության դինամիկան պահպանելու վերաբերյալ, կքննարկվեն հարաբերությունները տնտեսական ոլորտում, հումանիտար ոլորտում: Մի խոսքով՝ կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման նպատակով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», – մեկնաբանեց Ռուսաստանի դեսպանը:

Այս համատեքստում Կոպիրկինը ավելացրեց, որ կա մեկ այլ կարևոր հարց, որը կարող է քննարկվել Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում: Հաջորդ տարի Հայաստանը և Ռուսաստանը նշելու են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

«Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ նույնպես առաջնորդները կփոխանակվեն մտքերով՝ ինչպես արժանապատվորեն և մեր հարաբերությունների մակարդակին համապատասխանող ոգով նշել այս նշանավոր տարեդարձերը», – ավելացրեց դեսպանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։