Լայն հնչեղություն ստացավ տարրական դասարանների ավարտին երեխաների շուրջ 30 տոկոսի՝ պարզ տեքստ կարդալ և հասկանալ չկարողանալու հանգամանքը․ Ժաննա Անդրեասյանի գրառումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանրային լայն հնչեղություն ստացավ տարրական դասարանների ավարտին երեխաների շուրջ 30 տոկոսի՝ պարզ տեքստ կարդալ և հասկանալ չկարողանալու հանգամանքը։

Մարդկային կապիտալի ինդեքսում օգտագործված այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study- Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։

Մասնավորապես, 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է։Այդուհանդերձ, կուզեի ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա, որ ցույց է տալիս, թե ինչքան խնդրահարույց է գործող գնահատման համակարգը։

Նույն ուսումնական տարիներին, երբ միջազգային ստուգատեսը գրանցում էր այս արդյունքները, պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ արդյունքներ էր գրանցում, այսպես.2015-2016 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33610 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33592-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 18 մասնակից:

2016-2017 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33230 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33210-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 20 մասնակից:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով. չեղարկել անբավարար գնահատականի շեմը, որ չի աշխատում, պատասխանատվություն վերցնել սովորողի հետ աշխատել տարվա ընթացքում, հավելյալ կրթական աջակցություն ցույց տալ, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել և սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որ հաճախ դառնում է կյանքի հարց սովորողի, բայց ավելի հաճախ՝ ծնողի համար։