Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները․ հայտարարություն

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը խորապես մտահոգություն է հայտնում վերջին շրջանում կին քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական ճնշումների և հետապնդումների տարածվող դեպքերի շուրջ:

Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ հատկապես սոցիալական հարթակներում նկատելի է նաև կին քաղաքական գործիչների նկատմամբ տարածվող ատելության խոսքն ու վիրավորական կոչերը: Դատապարտում ենք նաև Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը:

Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տված ամուսինները պատմում են, թե ոստիկանությունում ինչպես են իրենց ստիպել վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տալ

https://www.youtube.com/watch?v=U7lxdmbg3-w /:

Խնդրանքով դիմում ենք ՀՀ-ում Մարդու Իրավունքների Պաշտպան պարոն Արման Թաթոյանին՝ անդրադառնալ կին քաղաքական գործչի նկատմամբ հնչեցված ատելության կոչերին և ոչ իրավաչափ հետապնդումներին: Մեր կազմակերպությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում խրախուսել է կանանց քաղաքական մասնակցությունը, սակայն այսօր տեսանելի է, որ քաղաքական անառողջ միջավայրում կանայք թիրախավորվում են և անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներով ենթարկվում հանրային պարսավանքի, ինչն անընդունելի է ժողովրդավարության հաստատման համար:

Հուսով ենք, որ միջազգային տարբեր կազմակերպություններ ևս ստեղծված իրավիճակին համարժեք գնահատական կտան: Լուսինե Ավետյանը եղել է Հայաստանում օրինակելի քաղաքական գործիչ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ծրագրերում հանդես է եկել որպես լավագույն օրինակ, արժանացել է մրցանակների և պատվոգրերի, բազմաթիվ երիտասարդների համար եղել ոգեշնչող անհատականություն:

Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և ամեն օր ավելի մեծ տարածում ստացող ատելության կոչերը: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում նաև այս գործի շրջանակներում ոչ իրավաչափորեն հարցաքննության ենթարկվող բոլոր այն կանանց, ովքեր անպաշտպան են, որոնց ճնշում են, վախեցնում, ինչի արդյունքում խախտվում են նրանց հիմնարար իրավունքները: Ստեղծված իրավիճակն ու դեպքերի զարգացումը փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր կին քաղաքական գործիչների, քաղաքական այլախոհների նկատմամբ: