Գորիսում փոխհրաձգություն է եղել․ երկու քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել․ Factor.am

Երեկ գիշեր Գորիսում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես Factor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ 00։30-ի սահմաններում ահազանգ են ստացել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու քաղաքացի։

«Դեպքի հանգամանքները պարզում ենք։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող։ Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն»,- ասացինոստիկանությունից։

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, փոխհրաձգություն է եղել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդիների միջև։

Ոստիկանությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց շրջանառվող այս տեղեկությունը։ Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նախկին և ներկա մարզպետերից․ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ Մելիքսեթ Պողոսյանը չպատասխանեց մեր զանգերին։