Երևանը դարձնել քաղաք-այգի, վերադարձնել հանրայինը` հանրությանը. «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության 24 պահանջները

Երևանը դարձնել քաղաք-այգի, վերադարձնել հանրայինը` հանրությանը.  «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության 24 պահանջները
Երևանը դարձնել քաղաք-այգի, վերադարձնել հանրայինը` հանրությանը. «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության 24 պահանջները

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ստուգել հատկապես վերջին ամիսներին Երևանում հողահատկացումների, մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի և վարձակալությունների օրինականությունն ու վերանայել դրանք։

2010 թվականից ի վեր «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղերում` Ուսանողական այգում, Վիշապների պուրակում, Մաշտոցի պուրակում և այլուր մշտապես բարձրացրել է Երևանի հանրային տարածքերի պաշտպանության հարցը և պայքարել կոռումպացված պաշտոնյաների գործողությունների դեմ։ Այդ տարածքների մի մասը փրկվել է քաղաքացիական համառ ջանքերի արդյունքում։ Այժմ ամփոփում ենք անցած տարիների մեր պայքարը, հավաքած փաստերն ու ներկայացնում մեր պահանջները Երևանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։

Երկար տարիներ հանրային տարածքի և հանրային շահի հաշվին մասնավոր շահի գերադասման և զանգվածային ապօրինությունների արդյունքում Երևանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ համատարած խախտվել են քաղաքաշինական նորմերը, քաղաքը զգալիորեն «բետոնապատվել» է, ինչի արդյունքում երեխաները զրկվում են այգում խաղալու հնարավորությունից, մեծերը’ ծառերի ստվերում հանգստանալուց, իսկ երիտասարդները’ շարունակաբար հոգնածություն և ուժերի անկում են զգում: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ «երիտասարդացել են» քաղցկեղն ու սրտային հիվանդությունները, ավելի տարածված են դարձել զանազան նյարդային հիվանդություններ:

Այգիների մաս առ մաս կառուցապատվում են, գերազանցելով օրենքով թույլատրելի տոկոսը և հաճախ հանգեցնելով այգուց լիակատար ոչնչացմանը: Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերի համար թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք): Եթե հաշվի առնենք նաև քաղաքի բնակլիմայական պայմանները, ըստ որի Երևանին բնորոշ է չոր մայրցամաքային կլիման և այն գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, առավել կարևորվում է կանաչ տարածքների անհրաժեշտությունը՝ քամիներից պաշպանելու, օդը խոնավացնելու, փոշուց և թունավոր նյութերից մաքրելու համար:

Երևանում ստեղծված քաղաքաշինական քաոսը հաղթահարելու համար «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ պահանջում է ձեռնարկել հետևյալ քայլերը.

1. 2019թ. բյուջեում շեշտակիորեն ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի, նոր այգիների ստեղծման համար հատկացվելիք գումարը և այն ծախսել ոչ թե կարճաժամկետ գեղեցկացման, այլ տևական էկոլոգիական վերականգնման և ծառաշատ անտառատիպ գոտիների տևական խնամքի վրա։ Կանաչ տարածները պետք է նախատեսված լինեն մարդկանց հանգստի համար և որևէ շեղում այդ ֆունկցիայից չպետք է թույլատրվի։

2. Լիարժեք բացահայտել բնապահպանության համար ծախսվող գումարների արդյունավետությունը, հրապարակել «Կանաչապատում ՓԲԸ»-ի կողմից իրականացվող առանձին ծախսերի և Երևանի բյուջեից կատարվող ծախսերի մասին մանրամասն տեղեկատվությունը և ներկայացնել հաշվետվություն։

3. Անհապաղ կրկին ծառապատել Նորքի անտառը, Մոնումենտի լանջը, վերականգնել կորած մյուս ծառածածկ գոտիներն և կենտրոնի կանաչ օղակը, Դալմայի այգիների հատվածը:

4. Երևանի բոլոր կանաչ տարածքները կապել միմյանց և ստեղծել Երևանի վարչական շրջանների կանաչ գոտիները և այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ` հետիոտն և հեծանվային ընթացքի անխափան շարժման համար։

5. Երևանում գտնվող համալսարանների և ուսանողական կամպուսների հարևանությամբ տեղ ազատել և ստեղծել խոտածածկ գոտիներ ուսանողների հանգստի և ընթերցանության համար։

6. Դադարեցնել հանրային տարածքներում Երևանի հատակագծի խախտումներով թույլատրված շինությունների կառուցումը հանրային կանաչ գոտիներում և ընդհանուր օգտագործման բակային տարածքներում։ Այս հարցում համագործակցել քաղաքաշինության պետական կոմիտեի հետ։ Ուսումնասիրել ապօրինաբար յուրացված հանրային կանաչ տարածքների իրավական հիմքերն ու իրավական քայլեր ձեռնարկել դրանք հանրությանը վերադարձնելու համար։ Խիստ հսկողություն սահմանել Երևանի գլխավոր հատակագծի խախտումներ թույլ չտալու համար:

7. Չերկարացնել բոլոր այն սրճարանների պայմանագրերը, որոնք ծանր բետոնե հիմնական կառույցներ ունեն, ապամոնտաժել դրանք՝ այդ թվում նաև Օղակաձև այգու երկայնքով կառուցված համալիրները, Ուսանողական այգու և մյուս այգիների ապօրինի կառուցապատումները, քաղաքի այլ այգիներում կառուցվող շինությունները: Աջակցել բակային տարածքների բնակիչներին’ սեփական պահանջներին համապատասխան կանաչ բակային տարածքներ ունենալու համար։ Համատարած արգելք դնել Երևանի ամբողջ տարածքում գտնվող և համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների վրա, ինչպես նաև այլևս աճուրդներ չանցկացնել այդ հողերն օտարելու համար։

8. Հնարավորինս հանրությանը վերադարձնել նախկինում 90-ականներին և 2000-ականներին գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծամասշտաբ կանաչ տարածքները։ Ստուգել և բացահայտել նախկինում ապօրինաբար սեփականաշնորհված հանրային կանաչ տարածքների, այգիների և պուրակների մասին որոշումների օրինականությունը և ապօրինության մասին հիմքերի առկայության դեպքում իրավական քայլեր ձեռնարկել դրանց իրավական կարգավիճակը հստակեցնելու համար։

9. Դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը։ Քաղաքաշինական նախագծերի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելուց առաջ քաղաքապետարանը պետք է իրազեկի քաղաքացիներին դրանց մասին՝ ապահովելով նրանց իրական մասնակցությունը որոշումների կայացմանը Անկախ հանգամանքներից՝ գերակա պետք է լինի Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը և դրանում նշված որևէ կանաչ քառակուսի չպետք է կառուցապատվի (հանրային լսումներ, բաց քննարկումներ և այլն):

10. Ճշտել Երևանի քաղաքապետարանի վարչությունների պատասխանատվությունն ու հասցեականությունը, բնապահպանական խնդիրների դեպքում քաղաքացիներին ապակողմնորոշելուց և պատասխանատվությունից հրաժարվելուց խուսափելու համար: Վեր հանել Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի բոլոր խախտումները և ապահովել դրա պահանջների կատարումը:

11. Վերջ դնել այն արատավոր պրակտիկային, ըստ որի հանրային պուրակների որոշակի տոկոս կառուցապատման թույլտվությունից հետո նույն չափով կրկին կառուցապատվում է մնացած այգին, ինչի արդյունքում արդեն իսկ ոչնչացվել են Երևանի մեծածավալ հանրային այգիներ և պուրակներ։

12. Կատարել օրենսդրական փոփոխություններ մասնավորապես վարչական օրինախախտումների, քաղաքաշինական նորմերի և պետական մարմինների միջև լիազորությունների ավելի արդյունավետ բաժանման ոլորտում: Սահմանել առավել խիստ շինարարական նորմեր, ըստ որոնց շինարարության ժամանակ հատուկ պաշտպանություն կապահովվի շինհրապարակում գտնվող ծառերի և կանաչ տարածքի հանդեպ։

13. Առաջնորդվել Երևանում որպես մայրաքաղաք լայնարձակ զբոսայգիներ և մեծածավալ ծառածածկ վերականգնողական ու հանգստի գոտիներ ստեղծելու քաղաքականությամբ և Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականով։

14. Վերականգնել և հարստացնել Երևան քաղաքի կենսաբազմազանությունը, մասնավորապես նաև այնպիսի ծառաբուսատեսակներով, որոնք նախկինում սակավ չափով են ներկայացված եղել Երևան քաղաքի կանաչապատման շրջանակներում կամ առհասարակ չեն եղել: Երևանը վերածել շնչող քաղաքի: Երևան քաղաքի որոշ հատվածներում վերականգնել և հարստացնել քաղաքային այն ֆաունան, որը գոյություն ուներ հասարակական որոշ վայրերում, ինչպես օրինակ՝ ծառերին թռչկոտող սկյուռիկները, երգող թռչունները՝ դեղձանիկները և այլն:

15. Վերականգնել բուսաբանական այգին և վերազինել ժամանակակից սարքերով ու հարմարություններով, ինչը պիտի դառնա Երևան քաղաքի կենսաբազմազանությունն ապահովող և շնչող քաղաքը վերահսկող և ուսումնասիրող գիտահետազոտական կենտրոն-այգի:

16. Քաղաքային իշխանությունների, գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների և այլ պատկան մարմինների նեգրավմամբ կապեր հաստատելով քույր քաղաքների և այլ օտարերկրյա կապերն օգտագործելով՝ հրավիրել համապատասխան մասնագետներ համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով, որոնք ուղղված կլինեն քաղաքի կենսաբազմազանության ու կանաչապատման զարգացման հեռանկարներին և ներքին ոռոգման ցանցի արդիականացմանը, արդյունավետ ջրօգտագործման համակարգեր ստեղծելուն և այլն:

17. Վերականգնել և ավելացնել Երևանի բաց ջրային ավազանները՝ գետակները, լճերը, որոնք կբարձրացնեն քաղաքում օդի խոնավության մակարդակը, իսկ որոշ դեպքերում դրանց ջուրը կարող է օգտագործվել ոռոգման նպատակով կամ դառնալ կենսաբազմազանության վայր։ Վերականգնել փողոցների մայթեզրերի ծառապատումն ու թփերը, որոնք կարևոր ֆունկցիա են կատարում մեքենաների արտանետումների կլանման գործում։

18․ Դպրոցներում բնագիտություն և կենսաբանություն առարկաների շրջանակներում երեխաներին հատուկ բացօթյա դասերի և բազմազան ծրագրերի, նախագծերի միջոցով սովորեցնել նաև շրջապատի և բնության՝ կենդանական և բուսական աշխարհների հետ խնամքով վարվելու, նրանց խնամելու և հոգ տանելու կանոնները։

19. Քաղաքացու լիարժեք մասնակցությունը ապահովելու համար` հետևել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի դրույթների պահպանմանը։

20. Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:

21. Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:

22. Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:

23. Ստեղծել և հզորացնել վարորդների, կանչապատման, աղբահանության և քաղաքային հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների աշխատողների անկախ արհմիությունները:

24. Վերը նշված մոտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումներում:
Համառոտ ձևակերպելով մեր առաջարկները, դրանք իրենցից ներկայացնում են հետևյալը. քաղաքացիների կողմից լիարժեք և իրական հսկողություն, հանրային տարածքի խնամք համայնքի միջոցներով, հանրային տարածքների ֆունկցիոնալ նշանակության պահպանում և հանրության իրական մասնակցություն քաղաքաշինական բոլոր որոշումներից առաջ, ինչպես նաև հանրային միջոցների ծախսման թափանցիկություն:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
18-ը սեպտեմբերի, 2018թ.