Բյուրեղավանի Ջրաբեր բնակավայրում անց է կացվել 3,5 կմ երկարության խմելու ջրի նոր ջրագիծ

Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրում ավարտվել է ՀՀ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքների առաջին փուլը։ Այդ մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:

Գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս անցյալ տարի աշնանը: Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցը բավականին հնամաշ էր և արդիականացման խիստ կարիք ուներ։

Ծրագրի շրջանակում համայնքում նախատեսված էր անցկացնել խմելու ջրի նոր ջրագիծ և իրականացնել ներքին ցանցի ամբողջական արդիականացման աշխատանքներ։

Այս փուլում արդեն իսկ անց է կացվել շուրջ 3,5 կմ խմելու ջրի նոր ջրագիծ:

Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 71 մլն դրամ է, որից 55 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 45%-ը՝ համայնքի ներդրումը։

Շինաշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ ծախսեր, որն էլ ֆինանսավորվել է համայնքի բյուջեի կողմից (շուրջ 24 մլն դրամ)։