Մենք ունենք այսպիսի կարգախոս՝ քիչ խոսել, շատ գործել, հետևաբար, ինչպես է անցել ՌԴ կատարած այցը, չենք ասելու. Արցախի արտգործնախարար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

– Դուք վերջերս եք վերադարձել Ռուսաստանից, որտեղ գտնվում էինք աշխատանքային այցով: Ինչպե՞ս եք գնահատում այդ այցելությունը:

– Մենք ունենք այսպիսի կարգախոս՝ քիչ խոսել, շատ գործել, հետևաբար, ինչպես է այցը անցել, մենք դա չենք ասելու: Հանդիպումներ ենք ունեցել, որոնք շատ կարևոր են եղել: Մնացածը ցույց կտա ժամանակը:

– Այդ հանդիպումների ժամանակ Հայաստանի սահմաններին, մասնավորապես, Սյունիքում ու Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին անդրադարձ նույնպե՞ս եղել է:

– Խոսել ենք ամենատարբեր հարցերի մասին, այդ թվում, իհարկե, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների:

– Առաջնահերթը եղել է Արցախի՞ հարցը:

– Բնական է, եթե մենք Արցախի ներկայացուցիչներն ենք, իհարկե Արցախի խնդիրը, ստեղծված իրավիճակը և զարգացումները առաջնային են մեզ համար:

– Քանի որ վերջին շրջանում Սյունիքում լարվածության հետ կապված ՀԱՊԿ-ից դժգոհությունները շատ են, այդ կառույցի լռությունն են դատապարտում, այնտեղ խոսե՞լ եք այս թեմայի մասին:

– Ընդհանրապես, Ադրբեջանը շարունակել և շարունակելու է իր նման պահվածքը: Մենք պետք է լինենք պատրաստ, համախմբված, ճիշտ քաղաքականություն վարենք, մեզնից կախված հնարավորը իրականացնենք: Մնացած հարցերը լուծելի են:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ես կարծում եմ, որ սրանք այն հարցերն են, որոնք ոչ միայն ՀԱՊԿ-ի հետ, այլ նաև Ռուսաստան-Հայաստան երկկողմ խողովակներով պետք է քննարկել: Ընդհանրապես, շատ բան կա անելու տեղում:

– Ինչո՞վ եք բացատրում այն, որ բոլորը դատապարտում են գերիների կամ սահմանների հետ կապված իրավիճակը, բայց չեն դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ընդհանրապես, կարելի՞ է հույսը դնել Ռուսաստանի վրա, թե՞ ոչ:

– Էլի մենք սկսում ենք ինչ-որ թիրախ գտնել, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը: Նախ՝ պետք է անել հնարավորը սեփական ուժերով: Այն, որ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, ոչ մեկը չպետք է կասկածի տակ դնի:

Այս ծանր իրավիճակում մենք առավել ևս պետք է տասնապատիկ ավելի խելացի, ավելի ճկուն լինենք: Պետք է մեր հարաբերությունները զարգացնենք այն երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք, որտեղ ունենք շահեր, որտեղ մեր շահերը համընկնում են:

Ռուսաստանն առաջնային մեր եղբայրական երկիրն է, ինչո՛ւ պետք է ՌԴ-ի դեմ լարվենք: Բազմաթիվ հարցեր կան: Երբ մեկը գալիս, կանգնում ասում է՝ ղարաբաղցիները թուրք են, Ռուսաստա՞նն է մեղավոր:

Ներսում մենք պետք է ինքնամաքրվենք: Մենք անընդհատ ուրիշի վրա ենք փորձում սլաքներն ուղղել՝ ինքներս չկատարելագործվելով: Ես դա չեմ ընդունում: Դա ճիշտ չէ և հղի է անկանխատեսելի հետևանքներով:

– Դժգոհությունն այն է, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում:

– Այստեղ երևում է, որ որոշ խմբեր քաղաքական պատվեր են իրականացնում: Հիմա եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հարձակվել է Արցախի վրա, բա ինչո՞ւ ՆԱՏՕ-ից չեն դժգոհում: Ինչո՞ւ են նման կողմնապահություն դրսևորում:

Իրավիճակը շատ յուրահատուկ է և բարդ: Հերիք է մենք «մուտիլովկաներով» զբաղվենք: Եթե այսպես գնաց, իսկապես կործանվելու է հայոց պետականությունը: Սա ակնհայտ է, եթե որոշ մարդիկ չեն հասկանում, դա չի նշանակում, որ այդպես չէ:

– Արցախում իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ մի քանի խմբակցություններ պահանջում են Արցախի նախագահի հրաժարականը, նաև նշվում է, որ նախագահն իրեն փոխարինող է փնտրում:

– Դրանք քաղաքական գործընթացներ են, քաղաքականությունը երբեք ստատիկ չի լինում, միշտ դինամիկ է լինում: Հիմա կարող է ինչ-որ փուլ լինել, որ կայուն լինի, համեմատաբար պասիվ վիճակ լինի, բայց, ընդհանրապես, քաղաքականությունը մի գործընթաց է, որ անընդհատ փոխվում է: Ժամանակը ցույց կտա:

Մեզ համար ամենակարևորը կայունությունն է, բոլոր հարցերի քաղաքակիրթ ձևով լուծումը: Արցախն այն վիճակում չէ, որ մենք հիմա էլ սկսենք քաղաքացիական պատերազմ լարել մեկս մյուսի նկատմամբ:

Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ էվոլյուցիոն զարգացում տեղի ունենա, ամեն անգամ կատարելագործվի պետական կառավարման համակարգը և այլն, բայց սա իդեալական է: Կյանքը մի քիչ այլ է, պետք է ձգտել իդեալականին:

– Սահմանազատման, սահմանագծման հետ կապված մտահոգություններ կան, նշվում է, որ եթե դա ընդունենք, Արցախը ճանաչելու ենք Ադրբեջանի կազմում: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս հարցում:

– Իհարկե այս գործընթացը շատ բարդ է: Մի բան հստակ է, որ հայության մեջ որևէ մեկն իրավունք չունի Արցախը ճանաչելու որպես Ադրբեջանի մաս: Եթե դա տեղի ունենա, դա լինելու է սարսափելի երևույթ՝ իր բոլոր հետևանքներով:

Սահմանազատման ու սահմանագծման այդ ամբողջ գործընթացում պետք է հաշվի առնվեն բազմաթիվ խնդիրներ՝ ռազմաքաղաքական, պատմական, մշակութային, հոգեբանական:

Հասարակ հարց եմ տալիս. Արցախի Հանրապետության 80 տոկոսը գրավված է Ադրբեջանի կողմից, հիմա Քարվաճառի շրջանն ո՞ւմ է պատկանում: Որոշ մարդիկ ասում են՝ Ադրբեջանին է պատկանում, բայց դա անհեթեթություն է: Մենք դա չենք համարում Ադրբեջանի մաս, մենք Հադրութը չենք համարում Ադրբեջանի մաս: Մեզ համար Գոմշասարից մինչև Արաքս Արցախի Հանրապետության տարածք է:

Հիմա ի՞նչ անենք այդ հարցի շուրջ, դրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանը եթե չի տրվում, խնդիրներ են առաջանում: Եթե անտեսվում է, ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու: Կան բազմաթիվ այդպիսի հարցեր, գործընթացը շատ բարդ է: Բարդությունը պահանջում է ավելի մեծ ժամանակ և ավելի մեծ աշխատանք:

– Հայաստանում նախընտրական քարոզարշավ է: Բացի այդ, նախօրեին հրաժարական տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը: Այս գործընթացները որքանո՞վ են թուլացնում Հայաստանի դիրքերը:

– Ընդհանրապես, յուրաքանչյուր ընտրություն ախտորոշում է: Մարդը գնում է բժշկի մոտ, անցնում է համապատասխան հետազոտություն, և յուրաքանչյուր իշխանություն հասարակության արտացոլումն է, հայելին: Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ժողովուրդն է և հակառակը:

Սա բոլորի համար պարզ է: Կարելի է կանխատեսել, թե ինչ է լինելու, ոնց է լինելու, եթե արդեն ընտրությունները տեղի են ունենում: Հետևաբար, դա բոլորի և յուրաքանչյուրի ընտրության արդյունքը պետք է լինի:

Այնուհետև որևէ մեկը չփորձի որևէ մեկի վրա բարդել այս կամ այն խնդիրը: Ժողովուրդն ինքը պետք է այդ ապագան կերտի, ինքն է այդ հայելին: Ում ընտրում է, այդպիսին էլ ժողովուրդն է:

Ժողովրդավարական հասարակություններում դա գաղութ չէ, որ ինչ-որ մեկին բերեն, դնեն, ժողովուրդն ինքն է որոշում: Դա չի նշանակում, որ ժողովուրդը միշտ ճիշտ է, ես դրան կողմնակից չեմ: Ամենամեծ սխալը կատարում է ժողովուրդը և երբեմն՝ անուղղելի:

Հիմա թող ժողովուրդն իր կամարտահայտությունը կատարի և թող այն ճաշը, որ եփելու է, ուտի մինչև վերջ, որովհետև ապաքինվելու, էվոլյուցիոն ձևով զարգանալու այլ տարբերակ չկա: Պարզապես պետք է այնպես անել, որ չթունավորվի, բայց մեկ է՝ այդ ճաշն ինքն է եփելու և պետք է ուտի անպայման մինչև վերջին կաթիլը:

Մանե Հարությունյան

Medialab