«72-ից մենակ իրան են ձորից կենդանի հանել, ինքն էլ սկորիի մեջ ա ներքին արյունահոսությունից մահացել»․ մայրն ասում է՝ ապրել չի ուզում

«Մեր տան մոտ շենքի պատին իրա նկարը կա, ամեն օր գործի գնալիս՝ ժամը 7-ին, իրա հետ խոսում եմ ու խնդրում եմ իրան, որ ինձ էլ իրա մոտ տանի»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 50-ամյա Հասմիկ Ալիշյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ավագ որդուն։

22-ամյա Հովհաննես Ալիշյանը պատերազմն սկսվելուն պես ծանուցագիր է ստացել և մեկնել առաջնագիծ՝ պատերազմի դաշտ։ 

Մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, հոկտեմբերի 10-ին վիրավորվել: Մայրն ասում է՝ որդին երեք օր վիրավոր շարունակել է կռվել թշնամու դեմ։ 

«Երեք օր վիրավոր կռվել ա, պոստը չի թողել։ Հետո որոշել են, որ պետք ա իջացնեն հոսպիտալ, «Բայրաքթարը» խփել ա, մեքենայի վարորդը փախցրել ա, որ իրանց չկպնի, ձորն են շուռ եկել։ 72 հոգի զոհվել են, 72-ից մենակ իրան են կենդանի հանել ձորից, ինքն էլ սկորիի մեջ ա ներքին արյունահոսությունից մահացել»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Հովհաննեսը վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 9-ին։ Մայրն պատմում է, որ երբ տղան վիրավորում է ստացել, այլևս անձամբ չի խոսել իրենց հետ, ընկերոջն է խնդրել զանգել, որ տան անդամները չիմանան իր վիրավորվելը։ Այնուհետև տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Ամուսինս էլ էր պատերազմում, զանգեց, ասեց՝ չգիտեմ՝ Հովի՞կն ա, թե՞ Հակոբիկն ա՝ վիրավոր են (հոպարիս թոռն էլ ժամկետային ծառայող էր): Ամուսնուս խաբել էին, ասել էին՝ վիրավոր ա, չէր իմացել։

Հոսպիտալներում սկսեցինք ման գալ, թևին դաջվածք ուներ, փորձում էինք դրանով գտնել, բայց չգտանք։ Հետո իմացանք, որ մորգում ա»,- կրկին հուզվում է Հասմիկը։

Մայրն ասում է՝ որդու մահվան գույժից հետո կյանքը դատարկվել է, ապրելու ցանկությունը՝ մարել։

«Կյանքն նենց է դատարկվել, որ էլ հիմա ապրել չեմ ուզում։ Ո՞ր մաման կարա ապրի, եթե իրա երեխեն հողի տակն ա»,- կսկիծով նշում է Հասմիկը։

Մայրը պատմում է՝ Հովհաննեսը սովորել է ագրարային համալսարանի տնտեսագիտական բաժնում, այնուհետև բանակ զորակոչվել, ծառայելուց հետո աշխատանքի անցել: Ընկերուհի է ունեցել, նպատակ ուներ ամուսնանալ, ընտանիք կազմել:

«Սաղ կիսատ մնաց,- ասում է մայրն ու հիշում, որ երբ տղան բանակից եկել էր, շատ էին ուրախացել: – Ծառայեց եկավ, ուրախացանք, ասինք՝ պրծանք, չգիտեինք, որ ուրիշ սև էր գալու գլխներիս»։

Հասմիկն ասում է՝ ամեն օր Եռաբլուր է այցելում, որդու հետ զրուցում, դա է միայն ապրելու ուժ տալիս:

«Որ իրան այցելող միշտ ունենա Եռաբլուրում, մենակ չմնա, իրա մաման միշտ իրա հետ լինի»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Հասմիկը որդու՝ Հովհաննեսի հետ


Հովհաննեսը հանգիստ բնավորություն ուներ, շատ նրբանկատ էր ու բարի՝ ասում է մայրը։

«Ոչ մեկին չէր նեղացնի, եթե մեկին ուզում էր մի բան ասեր, էնքան սիրուն էր ասում, որ չվիրավորվեին։ Ես մի անգին գանձ եմ կորցրել»։

Հասմիկն ասում է՝ երբ որդին պատերազմ գնաց, մտքով էլ չէր անցնում, որ կկորցնի որդուն։

«Չէի պատկերացնում, որ կկորցնեմ պատերազմում, բայց ինքն ամեն օր ասում էր՝ մամա՛, ատամներով պահի, որ պապան չգա, էս պապայի կռիվը չի։ Ամուսինս 90-ականներից կռվել ա։ Կամավոր գնաց, որ գտներ երեխուն, երեխու կողքին լիներ, բայց չհասցրեց»,- ցավով ասում է Հասմիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am