«Եթե ՍԴ-ն գտավ, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրությանը, Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի». Հայկ Ալումյան

Եթե Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչի Սահմանադրությանը հակասող, ապա «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անմիջապես պետք է դադարեցվի։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պարզաբանում է ներկայացնում այս հոդվածի հետ կապված։

«Սահմանադրական դատարանը տվյալ դեպքում քննարկում է մեր դիմումը, մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարան, նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը։

Այդ երկու դիմումներով գործերը միավորվել են, մեկ դատական նիստ է լինելու, գործի քննությունը հուլիսի 7-ին է նշանակված։ Վիճարկվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Եթե դատարանը գտավ, որ այդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, ապա այդ հոդվածքով քրեական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել էին Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Այս տարվա հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքն էր հրապարակել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ասել էր՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի տապալումն այնպես, ինչպես կա Հայաստանում, չկա միջազգային փորձում։

Ըստ Վարդևանյանի՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է նաև, որ երբ նման տեսակ լայն մեկնաբանման ենթակա հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ ռիսկեր պարունակելիս դրանք պետք է մեկնաբանվեն հօգուտ անձի իրավունքների։

Այս խորհրդատվական եզրակացությունից հետո հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսվի հուլիսի 7-ին:

Սրան զուգահեռ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ ՍԴ որոշ անդամների լիազորությունները դադարեցվելու են, իր պաշտոնին հրաժեշտ է տալու նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նախկինում արդյոք եղե՞լ է նման նախադեպ՝ հարցին Հայկ Ալումյանը պատասխանեց, որ ՍԴ-ն հենց 15 տարի է՝դրանով է զբաղված.

«Եվ եթե Քրեական օրենսգրքի որևէ հոդված հակասի Սահմանադրությանը, բնականաբար, ո՞նց կարող է հետագայում անձը շարունակի մեղադրվել»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդեն կան տեսակետներ, որ հենց ԱԺ-ն սկսեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների հարցը, ՍԴ-ն արագ որոշեց քննել Քոչարյանի գործը, փաստաբանն ասաց.

«Իսկ միգուցե հակառա՞կը, քանի որ արդեն պարզ էր, որ Վենետիկի հանձնաժողովի ու Եվրոպական դատարանի մեծ պալատի եզրակացությունները կան, Ազգային ժողովը որոշեց քննել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը»։

Ըստ Ալումյանի՝ Վենետիկի հանձնաժողովի ու Եվրոպական դատարանի մեծ պալատի եզրակացություններից երևում է, որ շատ կասկածելի է 300.1 հոդվածի որոշակիության հարցը։

Փաստաբանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի ու Եվրոպական դատարանի մեծ պալատի եզրակացությունները սառը ցնցուղ էին ՀՀ իշխանությունների համար։ Նրանք հասկացան, թե ինչ աստիճան խորը խնդրի առաջ են կանգնած 300․1 հոդվածի մասով։

«Այսինքն՝ կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել, թե ինչ որոշում կարող է կայացնել ՍԴ-ն։ Հենց Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունը տվեց, իշխանություններն արդեն սկսեցին գուշակել, թե ինչ որոշում կարող է կայացնել ՍԴ-ն։

Եվ ուրիշ ոչ մի բան չգտան, քան փորձել կազմալուծել Սահմանադրական դատարանը՝ նախքան ՍԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումին լուծում տալը։ Սա ուղղակի ամբողջ երկրի սահմանադրական հիմքերն են փորձում խարխլել, որպեսզի թույլ չտան, որ զուտ մեկ ՍԴ-ն վերջնական լուծում տա։ Այսինքն՝ ամբողջ իրենց գործիքակազմը կիրառում են զուտ մեկ կոնկրետ գործով արդարադատությանը խոչընդոտելու նպատակով»,- ասում է Ալումյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am