Շարքային հարկատուների տված հարկերի հաշվին ձևավորվում է նաև ԱԺ պատգամավորի աշխատավարձը և պարգևավճարները, որոնց հանրագումարը կազմում է մի կլորիկ գումար․ Մելիքջանյան

ԱԺ պատգամավոր Արա Մելիքջանյանը, ով դուրս եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ մանդատը ստանալուց հետո, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ ԱԺ-ում քննարկվեց և ընդունվեց ԱԺ պատգամավորների ամսեկան ծախսը 50.000 դրամից 250.000 դրամ դարձնելու նախագիծը։ Ես չեմ մասնակցել քվեարկությանը։

Այսօրինակ նախագիծը ընդունվում է Հետպատերազմյան այն Հայաստանում, երբ մեր առջև ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են, սահմանների կահավորումը, տնտեսության կայունացումը, ճշգրիտ և կառուցողական արտաքին քաղաքականության իրականացումը, անվտանգային, ինչպես նաև դեմոգրաֆիական հարցերը։

Այն Հայաստանում, որտեղ 1ամսվա համար ստանում են 30.000-50.000 դրամ թոշակ։ Երբ ունենք ամեն օր աճող աղքատություն, գործազրկություն և արտագաղթ։ Մի Հայաստանում, որտեղ ՊՈԱԿ-ի աշխատողը կարող է ստանալ կես դրույք աշխատավարձ։ Մի Հայաստանում, որտեղ մարդիկ սեփական երկրում հնարավոր է մեկ մարզից մյուս մարզ գնալիս գերեվարվեն։

Այն Հայաստանում, երբ կարևոր նշանակություն ունեցող «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը մեկ օրում կարող է փակվել՝ մոռացության տալով 1988 թվականի աղետալի երկրաշարժը, որի հետևանքները 33 տարի անց դեռ առկա են։ Այն պետությունում, որտեղ բաց համակարգով ջուրը հասնում է բնակչին, իսկ մինչ բնակչին հասնելը անասուններն են խմում այդ ջրից։ Այն պետությունում, որտեղ գյուղացին չի կարող զբաղվել հողագործությամբ, քանի որ համայնքը չունի սեփական հող։ Այն պետությունում, որտեղ 30կմ ճանապարհ անցնելը տևում է մեկուկես ժամ։

Հ.Գ. Հայաստանի շարքային հարկատուների տված հարկերի հաշվին ձևավորվում է նաև ԱԺ պատգամավորի աշխատավարձը և պարգևավճարները, որոնց հանրագումարը կազմում է մի կլորիկ գումար։ Եվ գումարած դրան ստանալու են նաև 250.000 դրամ հաշիվ փակելու և տրանսպորտի գումար։ Ոչ մի պատգամավորի արյունը կարմիր չէ ՀՀ քաղաքացու արյունից։ ՀՀ քաղաքացին ընտրել է պատգամավորի իր պատգամը տեղ հասցնելու համար, իսկ պատգամը հասցնելու համար պարտավոր է գնալ քաղաքացու մոտ, լսել վերջինիս խնդիրները և ժամանակին կարողանալ լուծումներ գտնել այդ խնդիրներին։

Լուսանկարը` Հայկ Բաղդասարյանի (Ֆոտոլուր)