Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն կիրականացնեն ՌԴ-ի հետ մշակված նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք կողմերը (խմբ.՝ Հայաստանը և Ադրբեջանը) մշակել են Ռուսաստանի հետ միասին, – ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում։

Զախարովան անպարկեշտություն է անվանել Հարավային Կովկասում ներգրավվելու Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն է՛լ ավելի է ակտիվացել», – հավելել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հավաքական Արևմուտքի պատճառով և նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է»։ Զախարովան հավելել է, որ այնտեղ, ուր ոտք է դրել հավաքական Արևմուտքը, իրավիճակն ավելի լավ չի դարձել: