Նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում սպիտակ արագիլների աղտոտման խնդրի մասին

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Արագիլների աղտոտման խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։

Ամիսներ շարունակ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում բնապահպանական հանրության ներկայացուցիչներից, քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են սպիտակ արագիլների աղտոտման խնդրի մասին։

Թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։

✅ Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում տեղադրված ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով գերատեսչությանը հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների տեղադրման սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման և դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։

✅ Մեկ այլ գրությամբ նախարարությունը դիմել է Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

✅ Տեղեկացնենք նաև, որ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու և թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։

Խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրների դեպքում օպերատիվ ահազանգում են։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության շնորհակալ գործին առանձնահատուկ կարևոր է։