Բուժհիմնարկների ղեկավարներին եւ աշխատակիցներին տեղեկացրի Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման գործընթացի մեկնարկի մասին․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Հուլիսի 19-ին աշխատանքային այց կատարեցի Վարդենիս քաղաքի հիվանդանոց եւ պոլիկլինիկա։ Ծանոթացա Վարդենիսի հիվանդանոցում վերջերս իրականացված վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներին, զրուցեցի բուժանձնակազմի հետ։

Բուժհիմնարկների ղեկավարներին եւ աշխատակիցներին տեղեկացրի Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման գործընթացի մեկնարկի մասին եւ հանձնարարեցի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում, օրենքով սահմանված կարգով իրականացնել և ավարտի հասցնել երկու բուժհիմնարկների վերակազմակերպման գործընթացը։ Նշեցի, որ թեև երկու հիմնարկների վերակազմակերպման գործընթացի համար սահմանված է ութամսյա ժամկետ, սակայն պետք է անել հնարավորը, որպեսզի Վարդենիսի նորաստեղծ բժշկական կենտրոնը, որպես մեկ հիմնարկ, գործել սկսի 2022 թվականի սկզբից։

Ինչպես ցույց է տվել Մարտունու, Սեւանի եւ Ճամբարակի հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների միավորման փորձը եւ ձեռք բերված արդյունքները, այս դեպքում էլ գործ ենք ունենալու արդյունավետ կառավարման ու բուժսպասարկման որակի բարձրացման հետ։

Անշուշտ, անելիքները շատ են, սակայն մենք համատեղ ուժերով ու կառավարության, բարերարների գործուն աջակցությամբ անելու ենք հնարավորը, որպեսզի ունենանք արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն Վարդենիսում։ Մենք շեշտը դնելու ենք թե՛ շենքային պայմանների բարելավման, թե՛ տեխնիկական հագեցվածության , թե՛ որակյալ բժիշկ մասնագետների ընտրության հետ կապված հիմնահարցերի լուծման վրա։ Միավորման գործընթացի մեկնարկն արդեն համարում ենք տրված։