«Կալաշնիկովի ծուղրուղուն», հայերի վրդովմունքն ու Ռուսաստանում ՀՀ դեսպանության բողոքի նոտան․ FIP.am

ՃԻՇՏ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Արտաքին գործերի նախարարությանը. infoteka24.ru

Հուլիսի 20-ին infoteka24.ru կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ արտաքին գործերի նախարարություն։

«Ըստ Infoteka24-ի հավաստի աղբյուրների՝ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված ռուս քաղաքական գործիչների ավելի հաճախակի հակահայկական հայտարարությունների հետ»,- գրել էր կայքը՝ շեշտելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, կոմունիստների խմբակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի անունը: 

«Ժամանակ առ ժամանակ Կալաշնիկովի կողմից հնչեցված հակահայկական հայտարարությունները ոչ միայն վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, ազգամիջյան թշնամանք հրահրում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը՝ կրկնելով թուրք-ադրբեջանական դաշինքի հռետորաբանությունը։ Ցավոք, Կալաշնիկովը Ռուսաստանում իր տեսակի մեջ միակ քաղաքական գործիչը չէ, որի հայտարարությունները հակասում են հայ-ռուսական միության ոգուն»,- գրել էր կայքը՝ եզրափակելով, որ այսքան շատ հակահայ ակտիվիստներ ունենալով՝ Մոսկվան չպետք է զարմանա Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճի վրա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և իսկապե՞ս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն այս խնդրով բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն։ 

Ռուս պաշտոնյայի հակահայկական հայտարարությունները

ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հաճախ է աչքի ընկնում իր հակահայկական հայտարարություններով, սակայն հատկապես ռուսական «Ազատ մամուլին» նրա վերջին հարցազրույցն էր վրդովմունք առաջացրել Հայաստանում։
Կալաշնիկովը նշել էր, որ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը և դիմելով հայերին, մասնավորապես, ասել էր. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»: 

Նա հայերին խորհուրդ է տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք», և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։ 

Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է

Ի պատասխան FIP.am-ի գրավոր հարցման, Արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին տեղեկությունը՝ մասնավորապես նշելով. 

«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը դեսպանընկալ պետության արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրությունն է հրավիրել ՌԴ Պետդումայի պատգամավորի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վրա՝ նշելով, որ դրանք համահունչ չեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն ու բովանդակությանը»։ 

Այսպիսով, տեղեկությունը, թե ռուս քաղաքական գործիչների հակահայկական հայտարարությունների հարցով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն, ճիշտ է։ 

Փաստերի ստուգման հարթակ