Անվտանգության սարքեր՝ ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ. իրավապահնե՞րն են զգուշանում, թե՞ պատգամավորները․ Factor.am. տեսանյութ

Անվտանգության աննախադեպ միջոցառումներ՝ խորհրդարանում։ Օրեր առաջ տեղադրվել են սարքեր, որոնց միջով այսուհետ պետք է անցնեն բոլոր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճ մուտք գործելիս։ Ցանկացած կասկածելի իրի հայտնաբերման դեպքում սարքն ազդանշան կարձակի, գրում է Factor.am-ը։

Ուշագրավ է, որ անվտանգության լրացուցիչ միջոցառումները ձեռնարկվում են 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկից անմիջապես առաջ։

Արդյո՞ք իշխող ուժը վտանգ է տեսնում խորհրդարան մուտք գործող երկու ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի և Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքի մեջ. իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է՝ անվտանգությունն ուժեղացնելու որոշումն իրավապահ մարմիններն են կայացրել։

Իշխող ուժից մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ընդգծում է, որ իրենց թիմում անվտանգության առումով մտահոգություններ չկան, դրանք իրավապահների մոտ են։

Մինչ խորհրդարանում նորընտիր պատգամավորների գալուն են պատրաստվում, ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարած ուժերը լքում են Ազգային ժողովը՝ 3 տարվա գործունեությունից հետո։