«Պատարագը մեզ 2000 տարի ժանտախտի, քոսի, չգիտեմինչերի միջով անցկացրել է և հասցրել մեր օրեր, ամբողջ ազգը եկեղեցիներում պետք է լինի». Տեր Ղազար քահանա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Տեր Ղազար քահանա Պետրոսյանը

– Տեր Ղազար, շատ է քննարկվում հարցը, թե ինչո՞ւ չչեղարկվեց կամ ինչո՞ւ ուղիղ եթերի միջոցով չմատուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած պատարագը։ Կորոնավիրուսի տարածման վտանգն արդյոք ազդակ չէ՞, որ պետք է խուսափել այս շրջանում բազմամարդ պատարագներ մատուցելուց։

– Նախ ես մի բան ասեմ։ Թող մեկը տրամաբանորեն ինձ բացատրի, թե ո՞նց է լինում, որ գրիպներն իրենց անուններն ստանում են՝ մեկ տարի գալիս է թռչնագրիպը, մյուս տարի՝ խոզագրիպը՝ ահագին աղմուկ ու խուճապ բարձրացնելով։ 

Հետո այդ երկու գրիպները չքվում են, գալիս է կորոնագրիպը, էն մյուս տարի կգա չոռագրիպը, չգիտեմինչագրիպը։ Ես չեմ հավատում այս շինծու բաներին, ես իրավունք ունեմ, չէ՞, չհավատալու։ 

Հետևաբար, պատարագը սրբություն է ու աղոթք, և մեր սուրբ պարտականությունն է, ամբողջ ազգը եկեղեցիներում պետք է լինի, աղոթի, Տիրոջը պաշտի և Տիրոջ պահպանության ներքո լինի։ Թե կողքից ինչ կարծիքներ կլինեն, ով ինչ կասի, դա իրենց խնդիրն ու կարծիքն է։

– Հավատանք թե չհավատանք, բայց կորոնավիրուսն այսօր շատ երկրներում է տարածված, մեծ թվով մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Եվ տարբեր երկրներում զանգվածային հավաքներ, պատարագներ չեղարկվում են, քանի որ նման հավաքների ժամանակ մեծ թվով մարդիկ են վարակվում։

– Ես լսել եմ, որ սովորական գրիպից տեսակներից տարեկան աշխարհում 650 հազար մարդ է մահանում։ Եթե 650 հազար մահը պանիկա չի առաջացնում, ինձ համար այս պանիկան շինծու բան է՝ պղտոր ջրում ձուկ որսալու համար։ 

Ես չեմ ընդունում այդ պանիկան։ Մի քիչ էլ ցավում եմ, որ դպրոցներ, համալսարաններ փակվեցին, նորմալ ու բնական մեր կյանքով կարելի էր ապրել, Տիրոջն էլ փառք տալ ու գնալ առաջ։

– Պետական մարմինների կողմից կար հորդոր՝ բազմամարդ պատարագ չմատուցել։ Ի՞նչ խնդիր կառաջանար, եթե այն ուղիղ հեռարձակմամբ մատուցվեր։

– Պատարագը սրբություն է և պատարագը բուժում է, պատարագը զորություն է և հովանավորում է ամբողջ ժողովրդին։ Եվ պատարագը մեզ 2000 տարի էլ ժանտախտի, էլ քոսի միջով, չգիտեմինչերի միջով անցկացրել է և հասցրել մեր օրեր։ 

Փառք Աստծո, հազար անգամ փառք։ Մենք պետք է երախտավոր լինենք, շնորհակալ լինենք Աստծուն, պարտաճանաչ մեր քրիստոնեական պարտքը կատարենք, վեց օր աշխատենք, յոթերորդ օրը գնանք ու ներկայանանք Զորությունների Տիրոջ առաջ։ 

Ես՝ իբրև անձ, իրավունք ունեմ իմ կարծիքն ունենալու ու արտահայտելու, թե՞ իմ բերանին պետք է կապ գցեն, ես չխոսեմ։ Ես այդ շինծու պանիկային չեմ հավատում։

Կարծում եք՝ Եկեղեցու առաջնորդնե՞րն էլ նույն կարծիքին են, որ որոշեցին գնալ մարդաշատ պատարագ անցկացնելու ճանապարհով։

– Այդ հարցը պետք է նրանց տալ, ես նրանց փոխարեն չեմ կարող խոսել։ Ես մի համեստ գյուղի քահանա եմ, իմ կարծիքն եմ արտահայտում։ Այս շինծու բաները չեմ ընդունում և իմ ժողովրդին էլ օրհնում եմ, մաղթում եմ, որ Աստված մեր ժողովրդին պինդ աջով պահի, առողջ պահի։ Եվ մեր հույսը Աստված է, իսկ շինծու պանիկաներից չպետք է վախենալ։ Մենք մահանալուց էլ չենք վախենում, մենք մենակ Աստծուց ենք վախենում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am