ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը պարտադիր կդառնա օտարերկրյա քաղաքացիների համար

ՌԴ կառավարությունը հաստատել է այդ երկրի տարածք մուտք գործելիս «Ճամփորդում եմ առանց #COVID_19-ի» բջջային հավելվածի պարտադիր կիրառման կարգը։

Ըստ կարգի՝ հուլիսի 25-ից ՌԴ մուտք գործելիս հավելվածի միջոցով #ՊՇՌ թեստավորման բացասական պատասխան պետք է ներկայացնեն օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներից օդային անցակետերով ՌԴ մուտք գործող Բելառուսի Հանրապետության քաղաքացիները:

Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Բացառություն է արվում երրորդ երկրներից ԵԱՏՄ անդամ երկրներով Ռուսաստան մուտք գործող անձանց համար, որոնք անցնում են տարանցիկ երթուղով կամ կարճ կանգառով՝ պայմանով, որ ներկայացնեն վերջին երեք օրվա ընթացքում երրորդ երկրների տարածքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Սեպտեմբերի 1-ից հավելվածի կիրառումը պարտադիր կդառնա օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Ադրբեջանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից ՌԴ պետական սահմանի օդային անցակետերի միջոցով ՌԴ մուտք գործող Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար:

Սակայն կրկին բացառություն կարվի երրորդ երկրներից ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով ՌԴ մուտք գործող այն քաղաքացիների համար, որոնք անցնում են տարանցիկ երթուղով կամ կարճ կանգառով: Այս դեպքում ևս նրանք պետք է ունենան վերջին երեք օրվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

«Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը կորոնավիրուսի տարածումը կանխարգելուն ուղղված վստահելի ժամանակակից գործիք է, որը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19-ի հանձնած թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով․ հավելվածը հասանելի է iOS (10-րդ և ավելի բարձր տարբերակներ), Android (5-րդ և ավելի բարձր տարբերակներ) օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքերի համար և կարելի է ներբեռնել AppStore–ից, GooglePlay–ից և AppGallery-ից։

ՌԴ մուտք գործելու դեպքում վավեր են համարվում բացառապես «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածում ներառված՝ հատուկ պահանջները բավարարող լաբորատորիաներում հանձնած թեստերի պատասխանները, այլ լաբորատորիաներում հանձնված թեստերի պատասխանները հավելվածը չի ընդունում։ Հավելվածի ցանկում ներառված են ԵԱՏՄ բոլոր պետությունները, իսկ ապագայում ճամփորդողների հարմարավետությունն ապահովելու նպատակով նախատեսվում է հավելվածում ավելացնել լրացուցիչ գործառույթ՝ տեղեկություն կատարված պատվաստումների մասին։