Ըստ հանրապետականների՝ ավագանու այս ընտությունները չեն տարբերվում նախորդներից

Ըստ հանրապետականների՝ ավագանու այս ընտությունները չեն տարբերվում նախորդներից
Ըստ հանրապետականների՝ ավագանու այս ընտությունները չեն տարբերվում նախորդներից

Ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո «Հանրապետական» կուսակցության մի շարք  պատգամավորներ մեկնաբանություններով հադնես եկան:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ  Բաղդասարյանը «Հայկական ժամանակ» լրատվականի հետ զրույցում հետևյալ միտքն արտահայտեց. «…քաղաքական դաշտում  տատանումները շատ են լինում և տարբեր ձևով: Եթե դուք նայեք բոլոր քաղաքապետերի ընտրությունները, գրանցվել են այդ նույն արդյունքները …»:

«Փաստերի ստուգման հարթակ»-ը որոշեց անդրադառնալ ՏԻՄ ընտրություններին՝ հասկանալու համար, թե արդյոք քվեարկության արդյունքները միշտ այսպիսին են եղել:

Սկսենք օրեր առաջ տեղի ունեցած  ավագանու ընտրություններից, որտեղ  «Իմ քայլը» դաշինքը գրանցեց ավելի քան 80% ձայն՝ 12 պայքարող կուսակցություններից ու դաշինքներից շատերին դուրս թողնելով ավագանու կազմում լինելու հնարավորությունից:

2017 թվականի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերից  մասնակցում էին «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Ընտրություններում հաղթեց «ՀՀԿ»-ն՝ ստանալով ձայների մոտ 71%-ը: Ընդ որում՝ դա վարչական ռեսուրսի չարաշահման ու զանգվածային ընտրակաշառքի ֆոնին:

Անդրադառնանք նաև այլ քաղաքներում տեղի ունեցած ընտրություններին. 2016 թվականի Գյումրու և Վանաձորի ընտրություններին գրանցվել է հետևյալ արդյունքը:

Գյումրու  ավագանու ընտրություններում  11 պայքարող կուսակցություններից ամենաշատ քվեն հավաքեց «Բալասանյան դաշինքը»՝ (14 987 ձայն), որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 34.64%-ը, իսկ Վանաձորի ավագանու ընտրություններում պատկերը հետևյալն էր՝ 8 պայքարող ուժերից  ամենաշատ քվեն ուներ Հանրապետական կուսակցությունը՝ 37.6%:

Անդրադառնալով 2017-ի խորհրդարանական ընտրություններին՝ այստեղ ևս ամենաշատ քվեն ուներ «Հանրապետական» կուսակցությունը՝ մոտ 49.15%: Ընտրություններում պայքարում էր 9 քաղաքական ուժ:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ 12 քաղաքական ուժերի պայքարից մեկ քաղաքական ուժի օգտին դեռևս չի գրանցվել 81.05%`  մյուս կուսակցություններին բաժին տալով 6,95% («Բարգավաճ Հայաստան») և ավելի ցածր տոկոսային հարաբերությամբ ձայներ:

Հատկանշական է նաև, որ, ի տարբերություն այս ընտրակարգով սահմանված մյուս ընտրությունների, 2018 թվականի ավագանու ընտրությունները հանրության և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների կողմից գնահատվում են որպես ազատ և արդար:

Կարինե Կիրակոսյան

sut.am