ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվ 2021-ի առաջին կիսամյակում կտրուկ աճել է. Fip.am

Վերջին օրերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել  21,900 հայաստանցի: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք այս տվյալները համապատասխանում են իրականությանը և ինչպիսի՞ն է եղել պատկերը նախորդ տարիներին։   

Վերջին 5 տարում ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության՝ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 21,909 քաղաքացի։  

Նախորդ տարի՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածում, ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել 14,133 քաղաքացի, իսկ ամբողջ տարվա կտրվածքով ՌԴ անձնագիր է ստացել 30,538 հայաստանցի։ 

ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացի է դարձել Հայաստանի 11,165  քաղաքացի: Իսկ ընդհանուր 12 ամիսների ընթացքում 2019 թվականին այս երկրի քաղաքացիություն է ստացել 24,024 ՀՀ քաղաքացի, գրեթե այնքան, որքան այս տարվա կեսին։ 

2018 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել և ՌԴ անձնագիր է ստացել 12,989 քաղաքացի, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 27,134 քաղաքացի։  ՌԴ քաղաքացիություն ձեռքբերած ՀՀ քաղաքացիների թիվը21 90921 90930 53830 53824 02424 02427 13427 13425 14425 14422 26422 2642021 I կիսամյակ20202019201820172016

2017 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 25,144։ 2016-ին Հայաստանի 22,264 քաղաքացի է ռուսական անձնագիր ստացել։ 

Այսպիսով, 2016 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունիս ամիս Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել, ընդհանուր առմամբ, 151,013 Հայաստանի քաղաքացի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է վերջին տարիների ընթացքում դեպի Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների արտահոսքի ռեկորդ՝ 21,909 քաղաքացի։ 

Նելլի Լազարյան

www.Fip.am