Բաքվի դատարանը ևս մի խումբ շիրակցի ռազմագերիների 6 տարվա ազատազրկման դատապարտեց

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ շինծու քրգործով դատական նիստը, որն ընթանում է դատավոր Ֆայիգ Հասանովի նախագահությամբ, գրում է Factor.am-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գործին առնչվող փաստաթղթերն են ուսումնասիրվել, որից հետո դատաքննությունը համարվել է ավարտված։

Իր ելույթում մեղադրող դատախազը խնդրել է մեղադրանքից հանել 214․2․1 ու 214․2․3՝ ահաբեկչության կատարման, 279․2՝ անօրինական զինված խմբավորման ստեղծման հոդվածները։ Պետական մեղադրողը պահանջել է հայ գերիներին պատժել 318․2՝ սահմանի անօրինական հատման և 228․3՝ զենքի անօրինական ձեռքբերման հոդվածներով։ Դատախազը պահանջել է հայ գերիներին 7 տարվա ազատազրկման դատապարտել՝ պայմանով, որ պատժի կրումից հետո նրանք արտաքսվեն Ադրբեջանից։

Դատարանը վճռել է հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Դատավճռում նշվում է, որ պատժի կրումից հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանից։

13 հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ կան հրապարակված այլ դատավճիռներ ևս։ Մասնավորապես, լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, շիրակցի գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, ևս 12 գերիներ՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերջինները, սակայն, հուլիսի 3-ին վերադարձան Հայաստան։ Օրերս էլ երկու խումբ շիրակցի ռազմագերիներ՝ ընդհանուր 26 գերի, դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, իսկ նախօրեին հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման։