«Իմ անձին վերագրվող հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու ապարդյուն փորձ». Աշոտյան

ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը արձագանքել է Հատուկ քննչական ծառայության իր վերաբերյալ տարածած հաղորդագրությանը:

«Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված»,- գրել է Աշոտյանը` դա ներկայացնելով որպես իր հանդեպ ՀՔԾ-ի կողմից ճնշում, ինչի մասին ինքը խոսել էր ԱԺ-ում` լրագրողների հետ զրուցում։

Աշոտյանը հայտարարել է, թե «երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ զլմների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն»։

«Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենեւին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։

Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»,- գրել է Աշոտյանը։