Դավիթ Բաբայանը միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ով Ֆրանսիա կատարած այցից հետո չի կարողացել վերադառնալ Արցախ՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով, միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Բաբայանն ընդգծեց, որ Արցախը շարունակում է մարտնչել. «Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք, և ցանկանում եմ կոչ անել ողջ հայությանը, որպեսզի միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնեն միջազգային տարբեր ատյաններին: Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի մարդատյաց, հայատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անել, որպեսզի ճանապարհը բացվի, որովհետև մենք գիտենք, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը, փակելով Լաչինի միջանցքը, որն Արցախի համար աշխարհի հետ կապվելու միակ ճանապարհն է, փորձում է կաթվածահար անել Արցախը:

Ասուլիսին մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որոնք Երևան էին ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չեն կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով: