19 միլիոն դրամի վնաս՝ անտառապահի անփութության հետևանքով․ տեսանյութ

Էական արդյունքներ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։

Արդյունքում՝ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Ձորագետ գյուղի բնակիչ, 29-ամյա տղամարդուն, որը 2020 թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել էր «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնի անտառապահ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և լրիվ գույքային պատասխանատվություն կրելով իր մասնաճյուղին պատճառված վնասի համար, իր ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչի արդյունքում կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է մոտ 19 միլիոն դրամի վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: