Չի կարելի ՀՀ քաղաքացուն թողնել անմեղսունակների և հանցագործների միջև ընտրության առաջ. ՀԱԿ թեկնածու

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ Ազգային կոնգրեսի թեկնածու, ՀԱԿ վարչության անդամ Արամայիս Ավետիսյանը

Պարոն Ավետիսյան, Հայաստանում ակտիվ նախընտրական քարոզարշավ է ընթանում՝ և իշխանական ուժը, և ընդդիմադիր հատվածից շատ ուժեր սկսել են մարզային, թիրախային խմբերի հետ հանդիպումները, բայց ըստ ժամանակացույցի, պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

-Այո, պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, և այդ իմաստով Հայ Ազգային կոնգրեսը բացառություն է և պատրաստվում է քարոզարշավը սկսել հենց սահմանված ժամկետում: Պետք է նշեմ, որ մեզ մոտ շատ ակտիվ ու ինտենսիվ կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, բայց, այնուամենայնիվ,  մենք հավատարիմ ենք մնում սահմանված կարգին ու պահպանում օրենքի նորմը:

Նայեք, նախընտրական հանդիպումների շրջանակներում, վարչապետը մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել, մասնավորապես ՀԱԿ առաջնորդի հետ կապված, օրինակ՝ նշել է, որ ՀՀ առաջին նախագահը ասել է՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Նիկոլ Փաշինյանը խրոնիկ ստախոս է։ Անկեղծ ասած` էստեղ մեկնաբանելու շատ բան չեմ տեսնում։ Բնական է, որ առաջին նախագահը երբեք նման բան չի ասել։

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանին և նաև Ռոբերտ Քոչարյանին բանավեճի հրավեր հնչեց այդ հանդիպումներից մեկում: Ի՞նչ եք կարծում կգնա՞ առաջին նախագահը նրա հետ բանավեճի, թե այդուհանդերձ, դրա կարիքը չկա:

-Այս հարցը պետք է ուղղել մեր նախընտրական շտաբի ղեկավարին կամ առաջին նախագահի խոսնակին։ Որպես պատասխան, ուղղակի հղում կանեմ Տիգրան Պասկևիչյանի՝ երեկ կատարած գրառմանը, որտեղ պարոն Պասկեվիչյանը նկատում է, որ Փաշինյանը իր «հրավերը» մատուցում է այնպես, որ այն չընդունվի, իսկ հետո ինքը կուրծք ծեծի, թե իր հետ բանավեճից խուսափում են։

-Իսկ Ձեր կարծիքով, գործող իշխանությունները բարոյական իրավունք ունեի՞ն գնալ ընտրությունների:

-Բարոյականության դաշտ ես կխուսափեմ մտնել, բայց մեկ այլ ուրիշ բան կարող եմ ասել՝ իրականում Հայաստանում կատարվողը ֆենոմեն է, որովհետև ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ ընդհանրապես համաշխարհային պատմության որևէ էպիզոդում չեք գտնի մի առաջնորդի, մի քաղաքական ուժի, որը երկիրը տարել է ոչ պարտադիր պատերազմի, պատերազմում մի ամբողջ սերունդ հողին է հանձնել, վերացրել է երկրի անվտանգության համակարգը, երկիրը բերել է ցնցումների ու անդունդի եզրին է հասցրել և այդքանից հետո մեկ օր առաջ ձախողումներն ընդունելու, ներողություն խնդրելու ու հրաժարական տալու փոխարեն, հավակնում է մնալ իշխանության:

Եվ ավելին, այդքանով հանդերձ, այդ ուժը հասարակությանը հիվանդ ու մանիպուլյատիվ դիսկուրսի մեջ է ներքաշում: Սա նորմալ չէ, սա լավ բան չէ և լավ բանի չի տանելու երկիրը:

Ավելին, վարչապետի պաշտոնակատարը իր հանդիպումներից մեկում հայտարարեց, որ եթե իրենք չլինեն, ժողովուրդը հաղթելու հնարավորություն չի ունենա: Ի՞նչ է սա նշանակում, ըստ Ձեզ:

-Նման հայտարարությունը, ինչպես նրա բոլոր մյուս հայտարարությունները, շատ մանիպուլյատիվ է: Ինչ իրավիճակ է այսօր իրականում. մենք այսօր ունենք Նիկոլ Փաշինյանի հավակնություն իշխանության մնալու ու դրա՝ ինչ-որ իմաստով հնարավորությունը՝ շնորհիվ այն բանի, որ ընդդիմադիր քաղաքական ուժի կեցվածք է ստացել ու իշխանության այլընտրանքի հավակնություն է դրսևորում մի մարդ, որը ՀՀ քաղաքացիների ատելությանն է արժանացել ժամանակին: Ավելին, մարդիկ նույնիսկ վախեցել են նրանից:

Այն էլեկտորատը, որն ունի Նիկոլ Փաշինյանը, այդ մարդկանց իռացիոնալ վախերի ու հակակրանքների վրա հիմնված էլեկտորատ է՝ մարդիկ ուղղակի վախենալով Քոչարյանի ու նախկինների վերադարձից, ստիպված են աջակցել Նիկոլ Փաշինյանին:

Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ առաջադրված այս ընտրություններում, հակառակը, ժողովուրդը կձևավորեր նոր կոնֆիգուրացիա քաղաքական դաշտում և հնարավորություն էր կտրվեր կատարել ճիշտ ընտրություն: Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանն էլ որևէ շանս չէր ունենա ընտրվելու: Հետևաբար Նիկոլ Փաշինյանի չլինելը կստեղծեր հնարավորություն քաղաքացիների համար կատարել ճիշտ, առողջ, բանական, ռացիոնալ, ժողովրդավարական ընտրություն:

Ճիշտ է՝ առաջին նախագահը որոշակիորեն անդրադարձել է հարցին, թե ինչու փորձեց 2021-ին դաշինք կազմել 2017-ին իր բնորոշմամբ «թաթար-մոնղոլական» ռեժիմի հետ, այդուհանդերձ, հարցը դեռ մնում է և դրա շուրջ քննարկումներ ընթանում են: Դուք կարո՞ղ եք բացատրել՝ ո՞րն էր դրա իմաստը:

Նախագահը բացատրեց, որ երկրի առջև ծառացած խնդրները այնքան լուրջ ու այնքան ծանր են, որ պետք էր մի կողմ դնել քաղաքական ծայրահեղ տարաձայնությունները և քայլ կատարել դրանց դիմագրավելու ուղղությամբ, բարձրացնել պետության, հասարակության իմունիտետը:

Նախագահի առաջարկը երկու հարց էր լուծում՝ թույլ չէր տալիս վերարտադրվել Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը և երկրորդ՝ հնարավորություն չէր տալիս ձեր բնորոշած «թաթար-մոնղոլներին» վերադառնալ իշխանության, որովհետև բոլորը նախապայման ունեին, որ չեն հավակնելու պետական որևէ պաշտոնի:

Ամեն ինչ շատ պրագմատիկ է, շատ հասկանալի և այդ առումով չպետք է որ հարցեր մնային մարդկանց մոտ:

2018-ին «ազգակործան պատուհասի» (ՀՀ առաջին նախագահը այդպես անվանել էր Նիկոլ Փաշինյանին-հեղ.) կողքին չէ՞ր ՀԱԿ-ը:

Նախ՝ առանձնապես այդպես չէր, ՀԱԿ-ը ժողովրդի կողքին էր, ժողովրդավարացման գործընթացների կողքին էր: Դա շատ կարևոր է: Բացի այդ, նա ազգակործան պատուհաս դարձավ 2018 թվականի ընտրություններից հետո: Փաստացի, այդ մարդը իր ազգակործան լինելն ապացուցեց պատերազմով, դրա արդյունքնեով ու իր կայացրած որոշումներով:

Շատ լավ, պարոն Ավետիսյան, ի՞նչ է ՀԱԿ-ն առաջարկում այս ընտրություններում, ի՞նչ եք ասելու հանրությանը այս ընտրություններում:

-Այն խնդիրը, որը նախագահը ձևակերպել էր դաշինք ձևավորելու փորձի ժամանակ, նույն խնդիրը դրված է ՀԱԿ-ի առջև: Ինչո՞ւ ենք, մենք, ընդհանրապես, մտել այս քարոզարշավի մեջ, այս նախընտրական պայքարի մեջ՝ որովհետև մենք կարծում ենք, մենք համոզված ենք, որ չի կարելի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն թողնել ընտրություն կատարել հանցագործների ու անմեղսունակների միջև:

Պետք է քաղաքացին ճիշտ, ռադիոնալ ընտրություն կատարելու հնարավորություն ստանա: Եվ այս պատասախանտվությունը մենք ստանձնել ենք հենց այդ ընտրության հնարավորությունը քաղաքացուն ապահովելու համար:

Հասմիկ Համբարձումյան

Medialab.am