«Պատերազմի ծանրությունը կրեցին երիտասարդները, և ամեն ինչ պետք է անենք նրանց վերադարձնելու բնականոն կյանք». Դումանյան

Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր բաց քննարկում երիտասարդների ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, մասնակցել են ավելի քան 150 երիտասարդներ և խոսնակ-փորձագետներ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է երիտասարդներին տոնի կապակցությամբ, մաղթել խաղաղ երկինք և հզոր երկիր՝ նրանց կոչելով հասարակության ամենազորեղ ուժը, հավատը և ապագան։
«Երիտասարդությունը տարիք չէ, էություն է, բովանդակություն, մտածելակերպ և պատրաստակամություն։
Այս առումով երիտասարդների ուսերին են դրված պետության խնդիրները, ապագայի կերտման պատասխանատվությունը,- ասել է Վ. Դումանյանը և հավելել,- վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը շեղել են կյանքի բնականոն հունը։ Պատերազմի հիմնական ծանրությունն իրենց վրա կրեցին մեր երիտասարդները, և այժմ համատեղ ուժերով ամեն ինչ պետք է անենք նրանց բնականոն կյանք վերադարձնելու և զարգացման ուղով առաջ գնալու համար»։
Երիտասարդներին հայերենով շնորհավորել է նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ «Աշխարհում այսօր մեծ փոփոխություններն իրականացնում են հենց երիտասարդները, և ապագայի խնդիրը լուծելի է միայն նրանց հետ համատեղ ջանքերով»,- ասել է նա։ Որպես հարց-մարտահրավեր՝ Շարփը դիմել է երիտասարդներին. «Որո՞նք են այն երազանքներն ու փոփոխությունները, որ կցանկանայիք իրականացնել ձեր կյանքում, ձեր շրջապատում: ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել և կյանքի կոչել ձեր գաղափարները։ Մենք հավատում ենք երիտասարդության ուժին»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ամփոփիչ խոսքում կարևորել է երիտասարդների հետ շփումների ակտիվացումընշելով, որ այն կարևոր է պետական քաղաքականությունը փաստահենք դարձնելու առումով: «Ձեզ լսելը շատ հետաքրքիր էր, որովհետև դուք առաջ եք քաշում առաջին հայացքից պարզ, սակայն իրականում շատ կարևոր հարցեր: Պետությունը բոլոր մակարդակներում ունի հստակ անելիքներ: Մենք փորձում ենք պետական քաղաքականությունը դարձնել առավել մասնակցային, և այս առումով հանրային կյանքում երիտասարդների նախաձեռնողականությունը և նախանձախնդրությունը շատ կարևոր են միջավայրը փոխելու և ավելի լավը դարձնելու ճանապարհին»,- նշել է փոխնախարարը: Պարենից մինչև կրթություն. բաց քննարկում կարևորի մասին «Ակվարիում» ձևաչափով քննարկման ժամանակ չորս խոսնակ-փորձագետներն անդրադարձել են երիտասարդության առաջնային խնդիրներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը խոսել է համաշխարհային պարենային անվտանգության մասին: «Պարենային համակարգի մասին տեղեկատվությունը կրթություն է, դաստիարակություն, սննդակարգ, մասնագիտական կրթություն, ինչպես նաև տնտեսության ճյուղ, որն ամենամեծերից է ամբողջ աշխարհում»,- նշել է Արման Խոջոյանը ընդգծելով, որ պատահական չէ, որ ՄԱԿ-ն այս տարի երիտասարդության միջազգային օրվա համար ընտրել է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության» խորագիրը:
Դպրոցը պետք է ստեղծագործի. այլընտրանքի կարևորության մասին
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի ելույթը «Նորարար գիտություն և ալտերնատիվ կրթություն» թեմայով էր: «Այլընտրանքային կրթությունը մոտ ապագայում դառնալու է համընդհանուր կրթության բաղադրիչ,- նշել է Ա. Փախչանյանը և շարունակել,- կրթության ոլորտում շատ արագ որևէ փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ, քանի որ այն ամենապահպանողական համակարգերից է: Մենք ապրում ենք արագ և անընդհատ փոփոխվող իրականության մեջ և այլընտրանքի հնարավորություն պետք է տալ բոլոր դպրոցներին»: Բանախոսի համոզմամբդպրոցը պետք է ստեղծագործի, և դա որպես գլխավոր սկզբունք ամրագրված է կրթության բարեփոխումների բոլոր փաստաթղթերում, մասնավորապես հանրակրթության պետական նոր չափորոշչում, որը սեպտեմբերից կփորձարկվի Տավուշի մարզում: Նա նաև նշել է, որ նոր չափորոշչով պետությունը կարևորել է այլընտրանքային կրթությունը, որի հաջողված օրինակները, ինչպիսին են «Արմաթ» լաբորատորիաները, արդեն լայն տարածում են գտնում: 7-րդ դասարանից ներմուծվում է նախագծային կրթության գաղափարը, որի հիմքում հետազոտական մոտեցումն է: Գործատուն գնահատում է մոտիվացիան և հմտությունը «Macro Lab» կազմակերպության հիմնադիր Մայիս Մարգարյանն անդրադարձել է երիտասարդների հավասարաչափ սոցիալական զարգացմանը նշելով, որ մարզային և մայրաքաղաքային համաչափության խնդիրն ավելի շատ հոգեբանական է: «Անհամաչափ զարգացման խնդիրն առաջին հերթին ձեր գլխում է, եթե կարողանաք այն հաղթահարել, բոլոր խնդիրները շատ արագ կլուծվեն»,-համոզմունք է հայտնել նա:
«Cascade People & Business»_ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը երիտասարդության զբաղվածություն խնդրի մասին խոսելիս բարձրացրել է բուհից մինչև գործատու շղթայի խնդիրները: «Գործատուն գնահատում է ոչ թե բուհի տված կամ չտված գիտելիքը, այլ մոտիվացիան և հմտությունը: Հետևաբար, պետք է ձեռք բերել արժեքների ստեղծմանը նպաստող կարողություններ` լեզուների իմացություն, համակարգչային և տեխնոլոգիական հմտություններ և այլն: Հաջողակ լինելու համար սովորելու և ինքնազարգացման կարողությունն ամենամեծ նշանակությունն ունի»,- նշել է նա:

Բաց քննարկման ընթացքում երիտասարդները խոսնակներին ուղղել են տարբեր հարցեր կրթության բարելավման, հանրային ակտիվության, նորարական նախաձեռնությունների մասին: