Պարոն Ռուբինյան, անհապաղ նորանշանակ նախարարին հրավիրեք հանձնաժողով, տեսնենք՝ ով է մեր նոր արկածախնդիրը․ Բաբաջանյանը՝ ԱԳ նոր նախարարի մասին

Արտաքին գործերի նախարարությունը տապալել է Հայաստանի արտաքին քաղաքական թիվ մեկ օրակարգային հարցը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Արցախյան երկրորդ պատերազմում հազարավոր զոհերի համար ուղղակի պատասխանատուն նաև ու հատկապես այս գերատեսչության շուրջ քառորդդարյա աշխատանքն է, գրեթե ողջ դիվանագիտական կորպուսը, մեծամիտ ու գոռոզ, պոռոտախոս նախարարները, կիսագրագետ փոխնախարարներն ու գողական, կիսագողական ու քվազիօլիգարխ դեպանները:

Ինչպե՞ս, ի՞նչ օրակարգի շուրջ եք շարունակելու ձեր գործունեությունը, պարոնայք դիվանագետներ: Հայաստանը տապալել է իր պետականության մեծագույն քննությունը՝ Հայաստանը չի կատարել Արցախի առջև իր մեծագույն՝ անվտանգության երաշխավորի պարտականությունը:

Ռուս խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո Հայաստանն արցախցու ինչի՞ն է պետք: Վստահության այս պաշարով գործող իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում վարչապետը կամ ԱԳ նախարարը, չպետք է մասնակցեն Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին: Այսօր՝ մինչև արտահերթ ընտրությունները, դա վտանգավոր է ոչ միայն Արցախի ապագայի, այլև արդեն Հայաստանի փխրուն պետականության գոյության համար:

Այդպիսի մանդատ ստանալու համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ թեկուզ վեց ամիս անց, որին կարող է մասնակցել նաև իշխող ուժը՝ վարչապետի գլխավորությամբ: Այսպիսի տապալումից հետո, ինչո՞ւ, ինչ նպատակով, ինչի շուրջ պետք է ՀՀ քաղաքացու վճարած հարկերի հաշվին շարունակվի այդ «լուզեր» գերատեսչության, տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների, դեսպանների «աշխատանքը»:

Տապալման սկիզբը դրեց Օսկանյանը, արժանիորեն շարունակեց Էդվարդ Նալբանդյանը, իսկ սրանց հեղափոխական իրավահաջորդ Մնացականյանի «Ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն» սկզբունքները հիմնովին տապալված են… «Նորընծա» նախարարին չեմ ճանաչում, սպասում եմ նոր կործանարար և անդառնալի տապալումներ…

Արա Այվազյանին սպասում ենք ԱԺ-ում: Պարոն Ռուբինյան, անհապաղ նորանշանակ նախարարին հրավիրեք հանձնաժողով՝ տեսնենք ով է մեր նոր արկածախնդիրը…», -գրել է պատգամավորը։