«15 հոգի, որ ուզում էին կենսաբանության ուսուցիչ դառնալ, անբավարար են ստացել, ունենք իրավիճակ, որ ուսուցիչ դառնալ ցանկացողները գիտելիք չունեն». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ԿԳՄՍ նախարարությունը 4,5 մլրդ է տրամադրել երեք նոր նախաձեռնությունների, որոնք միտված են ուսուցիչների վարձատրության բարձրացմանը։ Սա որքանո՞վ կարող է շտկել դպրոցում առկա խնդիրները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եք։ 

– Շատ դժվար է հստակ ասել, որովհետև որոշակի տնտեսագիտական հաշվարկներ է պետք անել, իսկ այդ 4,5 միլիարդը կամ, ընդհանրապես, բյուջեի ավելացումը տեղի է ունենում հետևյալ հատվածներով․ մի մասը նախատեսվում է ուսուցիչների այն հատվածի համար, որոնք կամավոր ատեստացիան կհաղթահարեն ու կստանան բարձր աշխատավարձ, այսինքն՝ սա պայմանական բարձրացում է: Դու պետք է քննությունը հաղթահարես, որ ստանաս այդ գումարը, իսկ դա, կարծում եմ, շատ առարկաների դեպքում հարցի լուծում չէ, որովհետև, եթե, օրինակ՝ շատ լավ մաթեմատիկա, քիմիա կամ աշխարհագրություն գիտեմ, ապա ես կգնամ ոչ թե դպրոցում աշխատելու, այլ կգնամ տվյալ ոլորտում ավելի բարձր վարձատրվող աշխատանքի։ 

Բայց որոշ առարկաների մասով կարող է նպաստել, օրինակ՝ հայոց լեզու, հայոց պատմություն, այս ոլորտներում բարձր աշխատավարձեր շատ չկան, եթե մարդը բանասեր է կամ պատմաբան, այդ ոլորտներում բարձր վարձատրվող աշխատանք դժվար գտնի, ի տարբերություն բնագիտության, որտեղ միայն ծրագրավորումը բավարար է։ 

Այդ ոլորտներում ոմանք կարող է նախընտրեն գնալ դպրոց, այսինքն՝ որոշ առարկաների պարագայում սա կարող է փոփոխություն բերել, բայց այն գլխավոր առարկաները, որտեղ մենք ուսուցիչների կարիք ունենք՝ նույն մաթեմատիկա, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա և այլն, այս որոշումն էական փոփոխություն չի բերի։

Մյուս բարձրացումը նախատեսված է երկու կարգի դպրոցների համար․ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում բոլոր ուսուցիչների աշխատավարձը 30 հազարով բարձրացնում են։ Սրա իմաստն այն է, որ այդ դպրոցներում ուսուցիչների դրույքը քիչ է, որովհետև աշակերտները շատ քիչ են, հետևաբար աշխատավարձը բարձրացնում են: 

Բայց այս չափով արվող բարձրացումը ինձ համար բարձրացում չէ, դա ինդեքսացիա է, որովհետև վերջին 2-3 տարում կյանքն այնքան է թանկացել, որ այդ 30 հազարը ուսուցիչներին հազիվ կբերի 2-3 տարի առաջվա ֆինանսական մակարդակին, այսինքն՝ սա էլ բեկումնային բարձրացում չէ։

Մյուս բարձրացումը, որ էլի 30 հազարով է արվում, վերաբերում է գյուղական դպրոցներում բնագիտական առարկաներ դասավանդողներին։ Այստեղ երկու բաղադրիչով՝ մինչև 100 աշակերտ ունեցող բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցչի մոտ ստացվում է 60 հազարով բարձրացում, ինչը մի փոքր էական է, բայց, նորից եմ ասում՝ այդ 30 հազար բարձրացումը ինչ-որ բեկում չի կարող մտցնել։ 

Ավելին ասեմ, սա, իհարկե, իմ կարծիքն է, մենք հիմա մի իրավիճակում ենք, որ ժամանակին անտեսել ենք, արհամարհել ուսուցիչներին ու հիմա այս իրավիճակից դուրս գալու համար ոչ թե 4,5 մլրդ պետք է վճարենք, այլ գուցե 40 մլրդ։ Իհարկե, 4,5 միլիարդը նշանակալի գումար է, բայց այն գումարը չէ, որ կարող է բեկում մտցնել կրթության համակարգում, դրա կրկնապատիկը, եռապատիկը, քառապատիկն է պետք: 

Սա շատ լավ է որպես սկիզբ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախարարությունն այս միտումը պետք է շարունակական դարձնի, օրինակ՝ ամեն տարի մի 5 միլիարդով ավելացնի բյուջեն։ Այդ դեպքում գուցե մի 5 տարի հետո մենք հասնենք այդ բեկումնային կետին, որ բան փոխվի։ Բայց եթե հիմա ավելացնում են, մյուս տարի ասեն՝ հնարավոր չի այս տարի ավելացնել, վե՛րջ, այս 4,5 միլիարդը ջուրը կլցվի։ 

– Այսինքն՝ շարունակո՞ւմ եք մնալ ձեր այն համոզմանը, որ դպրոցում պետք է աշխատավարձերի համընդհանուր բարձրացում արվի 

– Այո՛, ես կարծում եմ, որ նախևառաջ մենք պետք է բոլորի աշխատավարձը բարձրացնենք, որովհետև երբ նայում ես, գրեթե բոլոր ոլորտներում աշխատավարձերը բարձրացել են, կրթությունը շատ հետ է մնացել, և եթե, օրինակի համար, մենք սահմանենք 200-250 հազար դրամ աշխատավարձ՝ առանց քննությունների հաղթահարման պայմանի, դա որպես մեկնարկային աշխատավարձ կարող է գրավել շատերին: 

Բայց եթե մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, 100 հազար է աշխատավարձը, բայց որոշ կատեգորիաներ 30 հազար հավելավճար են ստանում, քննություն տվողները կարող են կրկնակի ստանալ, ապա սա մարդկանց այնքան էլ չի գրավում։ Եկեք մեկնարկայինը բարձրացնենք, որ ինքը մրցունակ դառնա, երբ մարդ իմանում է, որ ուսուցչի կեղտոտ աշխատավարձը 108 հազար է, ոչ մեկին չի հետաքրքրում այդ աշխատանքը։

– Պարո՛ն Խաչատրյան, եթե այդ համընդհանուր բարձրացումը լինի, ինչ եք կարծում, նաև երիտասարդները կգնա՞ն դպրոցում դասավանդելու, և այդ ծերացման միտումը կկանխվի՞։

– Իհարկե ոչ բոլորը կգնան, որովհետև ուսուցիչ դառնալը միայն փողի հետ չի կապված, դա նաև դժվար աշխատանք է։ Երեխաները հենց առաջին ձեռքից են տեղեկանում, թե դպրոցում ինչ է կատարվում՝ դպրոցում սովորելով։ Այսինքն՝ երբ մարդն ինչ-որ աշխատանք է ընտրում, միայն փողի համար չի ընտրում, նա նաև նայում է, թե այդ աշխատանքը ինչ ֆիզիկական, հոգեբանական դժվարություններ ունի։ 

– Այս տարվա ընդունելության քննությունների պատկերը ցույց տվեց, որ շատ համալսարաններում բազմաթիվ ֆակուլտետներ ուսանողներ չունեն։ Այս ցուցանիշն ինչո՞վ եք բացատրում։

– Նրանով, որ Հայաստանի աշխատաշուկան շատ աննորմալ ձևերով է զարգանում, այսինքն՝ որոշ ոլորտներում կա ուժեղ մրցակցություն, իսկ որոշ ոլորտներում ամայություն է։ Օրինակ՝ այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է ուղեղի մեծ աշխատանք՝ գիտություն, ինժեներություն, ագրարային ոլորտ, մանկավարժություն, մարդիկ չեն ուզում գնալ, որովհետև դժվար է, իսկ այն ոլորտները, որոնք ավելի պոպուլյար են՝ սերվիս, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, մրցակցությունը շատ մեծ է։ Մարդիկ էլ, որոնք ուզում էին մանկավարժ դառնալ, անբավարար են ստացել։ Մանկավարժական համալսարանում կենսաբանության ֆակուլտետ դիմել էր 15 հոգի, որոնք ուզում էին կենսաբանության ուսուցիչ դառնալ, բոլորն անբավարար են ստացել, աշխարհագրությունը՝ բոլորն անբավարար են ստացել, այսինքն՝ ունենք իրավիճակ, որ ուսուցիչ դառնալ ցանկացողները գիտելիք չունեն, ու հիմա այդտեղ ընդունվելու են մարդիկ, որոնք ուզում էին բժիշկ դառնալ, բայց այնքան ցածր են ստացել, որ ընդունվելու շանս չունեն։

– Պարո՛ն Խաչատրյան, այդ արդյունքներն ինչո՞վ են բացատրվում, քննական հարցաշարերն այդքան բա՞րդ են։

– Չէ՛, դա բացատրվում է նրանով, որ շրջանավարտների ընդհանուր բազային գիտելիքը նվազել է։ Ինքս էլ դասավանդում եմ բուհում ու կարող եմ ասել, որ 20-25 տարի առաջ դպրոցից բուհ եկող երեխաները մի քանի գլուխ ավելի շատ բազային գիտելիքներ ունեին, այսինքն՝ և՛ լեզուներ ավելի լավ գիտեին, և՛ կարդում էին, և՛ գրում էին ավելի լավ։ 

Այսօր մարդը դպրոցից գալիս է՝ նորմալ կարդալ չգիտի, ինքնուրույն գրել չի կարողանում, սա է պատճառը։ Առաջ դպրոցներում մի 30-40% կար, որ հասնում էր բուհական կրթության մակարդակին, հիմա հազիվ մի 10% է այդ ցուցանիշը։ Պարզ է, որ երբ այս լավերի մակարդակն իջնում է, այն միջակներն էլ ընդհանրապես անհույս են դառնում, ու նրանք ոչ էլ բուհ են դիմում: Եթե մարդը բազմապատկման աղյուսակը չգիտի՝ գնա համալսարան ի՞նչ անի։

– Դրա պատճառը որն է. ուսուցիչնե՞րը բավարար գիտելիք չեն տալիս, թե՞ աշակերտները սովորելու ցանկություն չունեն։

– Չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել, որովհետև կրթությունը մեկ բաղադրիչով չէ, չեմ կարող ասել՝ երեխաները վատ են սովորում, որովհետև նրանց լավ չեն սովորեցնում, որովհետև միայն սովորեցնելով չէ: Կարևոր է, թե դասագրքերում ինչ է գրված, երկրում ինչ իրավիճակ է, այսինքն՝ իրադրությունն էլ է շատ ազդում, ի՞նչ իրավիճակում են երեխաները սովորում, սովորելու ի՞նչ մշակույթ կա։ 

Այդ տեսանկյունից մեզ մոտ ոչ բարվոք վիճակ է, ու այդ իրավիճակում, եթե նույնիսկ Հարվարդից էլ մասնագետ բերես, նրանք էլ գուցե չկարողանան սովորեցնել։ Հայաստանում սովորելու իրադրություն, իրավիճակ չկան։

– Եթե առկա միտումը շարունակվի, ասենք, ևս 10 տարի, ի՞նչ իրավիճակ ենք ունենալու։

– Միավորվելու են դպրոցները, որովհետև ուսուցիչ չի լինելու, փակվելու են բուհեր, որովհետև հիմա նույն Ագրարայինում 40 հոգի է ընդունվել, իսկ 40 հոգու համար կարո՞ղ է առանձին բուհ պահել, մտավոր աշխատանք կատարող մարդկանց թիվն էլ ավելի կնվազի, ու ավելացված արժեք ստեղծելու Հայաստանի շանսերը ավելի կնվազեն, մենք կդառնանք սերվիսի երկիր՝ սրճարաններ, զբոսաշրջություն, հյուրանոցներ, որոնք ինչ-որ փոքր գումարներ կբերեն, բայց երկրի արմատական զարգացման համար դրանք բավարար ոլորտներ չեն։ 

– Որպեսզի չհասնենք այդ վիճակին, պետությունը պետք է և՛ ֆինանսապե՞ս աջակցի ոլորտին, և՛, ձեր ասած՝ այդ իրադրությո՞ւնը ստեղծի, պարո՛ն Խաչատրյան։

– Այո՛, այո՛, իրադրությունն ամենակարևորն է։ Երբ ես նայում եմ, ասենք՝ Շվեդիայի կամ Հոլանդիայի դասագրքերը, չէի ասի, թե նրանք ավելի խոր բաներ են սովորեցնում, հակառակը՝ ավելի մակերեսային են սովորեցնում, բայց քանի որ նրանց մոտ սովորելու համար ավելի լավ իրադրություն է, նրանց արդյունքները ավելի բարձր են։ 

Մեր իրադրությունն այնպիսին է, որ սովորելն ընդհանրապես կարևորված չէ։

Քրիստինե Աղաբեկյան


MediaLab.am