Հայաստանը պետք է շատ հստակ հայտարարի, որ ադրբեջանական ընկալմամբ «Զանգեզուրյան միջանցք» չի լինելու ու վերջ․Նորայր Նորիկյան

Փաստաբան,«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը պետք է շատ հստակ հայտարարի, որ ադրբեջանական ընկալմամբ «Զանգեզուրյան միջանցք» չի լինելու ու վերջ․․․

Արդեն իսկ ակնհայտ է, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» ստանալուն միտված Ադրբեջանի կողմից դրսևորվող ջանքերը մտել են մեզ համար չափազանց վտանգավոր շրջափուլ։

Մի կողմից Իրանի դիրքորոշումը, Պուտին-Էրդողան վերջին հանդիպման՝ մեր մասով խորհրդավորությունը, Թուրքիայի պաշտոնատար անձանց ակնարկները, ինչպես նաև Ալիևի վերջին հայտարարությունները՝ Հայաստանից առաջիկա շաբաթների ընթացքում «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն սպասելու մասին, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանի ձեռնարկած քայլերը՝ Ադրբեջանին երեք այլ ճանապարհ տրամադրելու մասին՝ վկայում են, որ այս խնդիրը չափազանց լուրջ է, և Հայաստանը կանգնած է ճակատագրական որոշման ընդունման խնդրի առաջ։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ առաջիկայում Մոսկվայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում, որտեղ, ըստ էության, քննարկման հիմնական թեման լինելու է այս հարցը։

Հարկ է արձանագրել, որ անգամ մեզ համար խիստ անբարենպաստ համարվող 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նույնիսկ որևէ ակնարկ առկա չէ որևէ միջանցքի, հետևաբար՝ նույնիսկ այս համատեսքտում ևս Հայաստանը մինչև վերջ պետք է բացառի որևէ միջացքային տրամաբանությամբ Ադրբեջանին որևէ հաղորդակցության ուղի տրամադրել։

Ստեղծված իրավիճակը հարկադրում է դրսևորել առավել հանդուգն ու հավակնոտ վարքագիծ։

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Իրանին, ինչպես նաև Թուրքիային և Ադրբեջանին լսելի դարձնելու համար, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից ու արտաքին կողմնորոշումից, անկախ մեկը մյուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որոնց համար Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը որևէ պարագայում հնարավոր չէ կասկածի տակ դնել, հայտարարությամբ հստակ կերպով ներկայացնեն իրենց դիրքորոշումը, որ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ է գործում կամ ապագայում կգործի Հայաստանում, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է այսօր կառավարող և որ ուժերը ապագայում կգան իշխանության, Հայաստանը ինչպես հիմա, այնպես էլ ապագայում բացառում է որևէ դեպքում ՀՀ տարածքում որևէ «Սուվերեն» միջանցք տրամադրել որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանին՝ որևէ երրորդ երկրի հետ կապ հաստատելու համար:

Սա նաև կդառնա յուրովի հանրային համերաշխության մթնոլորտ դրսևորելուն միտված կոնկրետ քայլ։ Երիցս համոզված եմ, որ ճակատագրական հարցերում մեր ամենալավ դաշնակիցը մեր ժողովրդի միասնությունն է։

Երկուշաբթի օրը ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցությունը համանման հայտարարություն կտարածի՝ կոչ անելով բոլոր կուսակցություններին միանալ նշված հայտարարությանը»։