Այս պահին Արցախի 120 հազար բնակիչ ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրառմամբ անդրադարձել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակվելուն:

Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է՝ այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:

«Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են:

Ավելին, նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:

Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:

Ուստի հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: