Հայաստանցիների 71%-ը չի ցանկանում պատվաստվել, սա ոչ թե մտահոգիչ, այլ ահազանգ հնչեցնող թիվ է․ Factor.am. տեսանյութ

Factor.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը սկսել է աճել։ Այս մասին զրուցել ենք ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

— Վերջին մեկ շաբաթում 40-ից ավելի մարդ մահացել է կորոնավիրուսի պատճառով։ Բայց մենք տեսնում ենք նաև անհոգություն կորոնավիրուսի նկատմամբ։ Ինչո՞ւ։

— Խնդրի արմատները մենք պետք է նայենք մի քանի փոխկապակցված խնդրի մեջ։ Առաջինը՝ ինչպես կազմակերպվեց հաղորդակցումը որոշում կայացնող մարդկանց և հանրության միջև հենց կորոնավիրուսի սկզբից։ Մեր նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ բավականին խորքային խնդիրներ են եղել հաղորդկցման մեջ։ Մարդիկ ստացել են բավականին հակասական ուղերձներ, ցավոք սրտի եղել են սուտ և կեղծ ուղերձներ նաև պաշտոնատար անձանց կողմից։

— Մոտ 200 հազարի մոտ են պատվաստումները։ Բայց չգիտենք՝ դրանից քանի՞ տոկոսն են արտասահմանցիների պատվաստումները։ Հայաստանի չափահաս բնակչության քանի՞ տոկոսն է պատվաստված։ Ինչո՞ւ այս տվյալները չունենք։

— Անվստահությունը պատվաստումների նկատմամբ հասարակությունում բարձր է։ Եթե հղում անենք ամենավերջին հարցումների տվյալներին, ապա Հայաստանցիների 71 տոկոսը չեն ցանկանում պատվաստվել։ Սա ոչ թե մտահոգիչ, այլ ահազանգ հնչեցննող թիվ է, որովհետև պատվաստվել չցանկացող մարդիկ ամեն տեղ կան, բոլոր հասարակություններում, և միջազգային վիճակագրությունում դա կազմում է 15-20 տոկոս։ Բայց 71 տոկոսն ուղղակի շատ տարբերվող թիվ է։ Մարդիկ պետք է իմանան, որ կորոնավիրուսային հիվանդության ռազմավարական լուծման տարբերակը պատվաստումն է։