Հադրութի բնակչուհու էկո արտադրանքը հիշեցնում է նրա ծննդավայրի մասին

Թշնամու հսկողության տակ գտնվող Հադրութից տեղահանված Արմինե Սարգսյանը որոշեց Երևանում սկսել էկո արտադրանք ստեղծելու գործը, որի միջոցով մարդկանց կծանոթացներ Հադրութի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմինե Սարգսյանը և նշեց, որ իր բրենդի անունը հենց Hadrut Sweet Corner է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առանց որևէ հավելումների մրգային ու բանջարեղենային չիփսեր պատրաստելու միտքն առաջացավ Երևանում՝ պատերազմից հետո: Այդպիսի մտահղացում Հադրութում երբեք չեմ ունեցել: Անգլերեն լեզվի ուսումնական կենտրոն ունեի, ուրիշ գործով զբաղվելու մասին չէի մտածում:

Բնութագրությունը հասանալի չէ

Երևան տեղափոխվելուց հետո հիմնական աշխատանք չունեի և որոշեցի սկսել մի գործ, որով մարդկանց մրգային չիփսերի տեսքով կծանոթացնեմ քաղցրիկ անկյունի՝ Հադրութի հետ: Այս չիփսերը շատ համեղ և օգտակար են: Չորացվում են հատուկ ջերմաատիճանի պայմաններում և չեն կորցնում մրգի մեջ եղած կարևոր ու օգտակար նյութերը:Շատ հաճելի և օգտակար են երեխաների համար՝ վնասակար չիփսերի փոխարեն: Յուրահատուկ փաթեթավորմամբ և մատուցմամբ հարմար են նվերի համար՝ որպես քաղցրավենիք ապահովելով սեղանը», – ասաց Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ապրում է Հադրութ վերադառնալու հույսով , որը նրան ստիպում է աշխատել, արարել, կանգ չառնել, չհիասթափվել, չկոտրվել ու ապրել լավատեսությամբ, ժպիտով ու ապագայի հանդեպ մեծ ակնկալիքով: «Արցախը ինձ համար առաջին հերթին Հադրութն է՝ Հադրութը մեր հայրենիքի ադամանդե ակն է։ Առանց Հադրութի և Շուշիի չեմ պատկերացնում ուժեղ ու կայուն Արցախ: Արցախցին ուժեղ է, կամքով լեցուն, որտեղ էլ լինի չի դադարի իր հողը սիրել, պաշտել ու շարունակել ապրել՝ իր երկիրը կրկին միասնական ու ամբողջական տեսնելու հույսով», – հավելեց Արմինե Սարգսյանը: