««Սասնա ծռերը» շախ են տվել, ու այս շախի տակից Սերժ Սարգսյանը չի կարողանում դուրս գալ». Լեւոն Բարսեղյան

Այսօր հայտնի դարձավ, որ «Սասնա Ծռեր» խմբի կողմից արդեն 12-րդ օրը գրավված պարեկապահակային ծառայության գնդում կրակահերթ է եղել, որի հետեւանքով ոտքից վիրավորվել է խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հայտնի Միայնակ Գայլը:

Ոստիկանների կրակոցից վիրավորվել են նաեւ խմբի անդամներ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ երկու օր առաջ էլ իրավապահ մարմինների արձակած կրակից վիրավորվել էին «Սասնա Ծռերի» անդամ, ղեկավար Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, որոնք գտնվում են Դատապարտյալների հիվանդանոցում՝ անմխիթար պայմաններում:

Իշխանությունների այս տեսակ գործելաոճը՝ դիպուկահարների միջոցով խմբի անդամներին հերթով վիրավորելով ու գնդի տարածքից դուրս հանելով, արդյոք հանրության կողմից ավելի կոշտ վերաբերմունքի չի՞ արժանանա: ՊՊԾ գնդի գրավման, հանրային շարժման զարագացումների եւ այս ճգնաժամային իրավիճակին  իշխանությունների վարքագծի մասին «Մեդիալաբը» զրուցել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին, որին ժամեր են առաջ են ազատ արձակել իրավապահ մարմինները. նրան բերման էին ենթարկել երկու օր առաջ  Խորենացի փողոցից:

-Ընդհանրապես, նման դեպքերում իշխանությունը, այս տեսակ իշխանությունը՝ ավտորիտար, հակված են ռեպրեսիվ վարք դրսեւորել՝ ճնշումային, որքան կարողանում են, վախեցնել, ահաբեկել՝ ռեպլիկից, բանավոր խոսքից սկսած՝ վերջացրած զանազան ճնշումային մեխանիզմները: Սա է, իր վարքը, սրանով եմ ես պայմանավորում՝ մտածելով, որ կարող է հանկարծ շարժումը կարող է զարգանալ, բարգավաճել: Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը արդեն ժամանակի մեջ է տանուլ տալիս՝ ինչքան ձգվում է ՊՊԾ գնդի պաշարումը:

-Կարծիք կա, որ իշխանությունները հույս ունեն, թե աստիճանաբար հանրային դժգոհության ալիքը կմարի, ինչպես նախկինում ու շատ դեպքերում է եղել, երեկ էլ Ազատության հրապարակում բազմամարդ չէր, շատերը երկար չմնացին,  անձրեւ էր, ու տուն գնացին: Այսօր կրկին բազմամարդ երթ է սկսվել՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի»:

-Այդ մարդիկ, որ տուն են գնում, դա չի նշանակում, որ մարդիկ սկսում ենե համակրել Սերժին, կամ վաղը ընտրելու են ՀՀԿ-ին: Գուցե մարդիկ մի օր դադարեն, ասենք՝ փողոց դուրս գալ, բայց հանրային դժգոհությունն, իրենց ստեղծած այս խայտառակ  իրադրության նկատմամբ, շարունակում է աճել: Շատ համայնքներում, մարզերում հանրապետական թեւերը, որոնք թեկնածու ունեին առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջ քաշելու, հիմա լրջորեն տարակուսում են, ասում են՝ այ մարդ, խայտառակ եղավ էս կուսակցությունն էլ, Սերժիկ Սարգսյանն էլ, էգուց, մյուս օր մեզ ձեն չեն տալու: Որովհետեւ ՀՀԿ-ն որեւէ որակյալ արձագանք այս իրադարձություներին ցույց չտվեց, մերժողական, խուսափողական վարք է դրսեւորում: Որովհետեւ նա միակենտրոն, սերժակենտրոն կուսակացություն է: Որեւէ շոշափելի վարք չի դրսեւորում, չի հասկացվում, ասում է՝ հանձնեք զենքերը եւ վերջ: Չհասկացավ, որ զենք հանձնող չկա, առաջին օրվանից էլ կռահել ենք, որ այնտեղ (նկատի ունի Սասնա Ծռերին) զենք հանձնող չկա: Իսկ այս մարդն ասում է՝ հանձնեք, նստենք պատմեմ իրադրությունը Ժիրայր Սեֆիլյանին: Ի՞նչ պիտի պատմես, Ժիրայր Սեֆիլյանին քո ո՞ր մի պատմությունն է պետք:

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դեպքերի զարգացումը, արդյոք իշխանությունը փորձում է դիպուկահարների միջոցով գնդի անդամներին՝ հատկապես ղեկավար անձնաց հերթով վնասել եւ այդպես գրավել գնդի տարածքը:

-Գուցե, գուցե այդ ճանապարհով կանի, կամ կփորձի հյուծել, այդ ճանապարհով խփել, որ կյանքին վտանգ չսպառնա: Որքան ձգվում է այս պաշարումը, այնքան տուժում է Հայաստանի ռեժիմը: Այն մարդիկ իրենցն արել ու նույնիսկ ավարտել են: Շախ են տվել, ու այս շախի տակից Սերժ Սարգսյանը չի կարողանում դուրս գալ, սա պատային իրադրություն չէ, նրանք ավարտել են, նրանք մահապարտ են հայտարարել իրենց:      Այդպես ենք մենք հասկանում: Սերժ Սարգսյանը հասկանում է՝ մեկի կյանքը հանկարծ խաթարվեց, լինելու է մեկ ուրիշ մակարդակի հանրային ըմբոստություն: Հիմա, որ Արայիկին էլ  այդպես վիրավորել են, դա էլ է բերելու հանրային լրացուցիչ ըմբոստության: Դրա համար Սերժ Սարգսյանը զգուշորեն փորձում է նշանաձիգների միջոցով կյանքին չսպառնացող մեթոդով վիրավորել եւ դուրս բերել այնտեղից: Չհասկացավ՝ ապստամբների բարի կամքը, որ նրանք պատանդ չեն պահում, որոշեցին բաց թողնել նրանց, իսկ Սերժը հաջորդ օրը հացն ու ջուրը կտրեց:  Ապստամբները բոլոր հնարավորությունները տվել էին մարդ մնալու եւ արժանապատիվ մնալու, իսկ Սերժը չհասկացավ: Ապստամբները մի քանի անգամ զգուշացրել են, որ իրենք ունեն բազմաթիվ քայլեր եւ մինչեւ հիմա Սերժը չի կռահել, դրանցից մեկն այն էր՝ եթե քեզ թվում էր, որ մենք պատանդ չունեինք, հիմա տե՛ս, ունենք: Բոլորին հիշեցնում եմ Սեֆիլյանի հայտարարությունը գնդի գրավումից 2-3 օր առաջ: Ասել էր՝ ես վայր եմ դնում իմ լիազորությունները եւ հանձնում են Չուքասզյանին: Սա էլեմենտար բան է, կոդային հրաման է կոնկրետ գործողության, ես սա եմ ենթադրում: Այսինքն, այս մարդիկ բազմաթիվ ծրագրեր ունեն՝ ռադիկալ քայլերի: Ինչո՞ւ է ձեւավորվել, որովեհետեւ 4 տարի նրանք ասել են՝ սա է, սա է, սա պետք է արվի: Այն, ին խոսվում է 20 տարի՝ քաղբանտարկյալ չպիտի ունենանք, մարտի 1-ին  հաջորդող իրադարձություններին 120 քաղաքական դատապարտվածներ եղան, մինչ այդ 1300 ձերբակալված, իշխանությունը պետք է օրիանական լինի:

-Զոհերո՞վ կավարտվի այս ամենը, մահվան հոտ առնո՞ւմ եք

-Չեմ բացառոմ հավանականութունը, որովհետեւ Սերժիկը որքան էլ հնարամիտ ու խորամանկ է, իր համակարգում այնպիսի խայտառակ բարդակ է, որ ինչ-որ մեկի  նյարդերը կարող է տեղի տալ: Ինքը կարող է չհրամայել կրակել՝ սպանելու նպատակով, բայց իմ տեսած այդ մենթովկի մեջ ես հասկանում եմ, որ դրանք ընդունակ են ինչ-որ մի նյարդային լուծման, եւ կամ ինքնագործունեության, չեմ բացառում: Բայց ավելի շատ հակված եմ մտածել, որ Սերժ Սարգսյանը, եթե ոչ անձամբ, ապա գոնե իր քաղաքական թիմից կսկսեն քաղաքական բանակցություններ: Օրինակ՝ ի՞նչն է խանգարում թիմին հայտարարել՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը չի պատրաստվում որեւ սանտիմետր հող հանձնել:

-ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը երեկ կրկին ասաց, որ որեւէ մեկը չի պատրաստվում հող հանձնել՝ առանց Ղարաբաղի կոնկրետ կարգավիճակի:

-Դա առեւտուր է, դա կոշտ հայտարարություն չէ: Այն, ինչ պահանջում են ապստամբները, խոսքը ՀՀ առաջին դեմքի բերանով ասելու մասին է, իսկ ինքը չի կարող ասել, որովհետեւ ինքը Կազանում, Մադրիդում գերի է ընկել, լուծ են դրել նրա վզին, պիտի քաշի: Ի՞նչ կարգավիճակ: Շատ կոնկրետ պետք է ասվի՝ հող չպետք է հանձնվի, հայտարարի այս մասին եւ գուցե  նրանք բաց են թողնում 2 պատանդի: Վերջիվերջո պիտի՞ լինի մի բանակցային կողմ՝ 10 պատգամավոր կանչի, ասի՝ միջնորդ եղիր: Այո,  ռիսկ կա, որ նրանք էլ պատանդ մնան:  Բայց դու քաղաքական թեմայով բանակցելու կամք չես դրսեւորում, անտեսում ես: Երբ անտեսում ես՝ դիմացը պատ է, այդ մարդիկ ասում են՝ մենք մահապարտ ենք, իսկ իրենք չեն բլեֆում, սա նշանակում է իրենք հաղթել են իրենց պահանջների մասով, իրենց սովի մատնեն, ինչ էլ անեն, իրենք հաթել են, ապացուցել են ռեժիմի ողորմելի լինելը: Հանրութան համակրանքը շարունակում է մնալ «Սասնա ծռերի» կողմը, եւ հակակրանքը՝ իշխանության նկատմամբ:

Մարի Ներսեսյան

MediaLab.am